Վարորդները 9-ի փոխարեն կստանան 13 տուգանային միավոր

Վարորդները 9-ի փոխարեն կստանան 13 տուգանային միավոր

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Այս փոփոխությամբ նախատեսվում է վարորդների 9 տուգանային միավորի համակարգից անցում կատարել 13 տուգանային միավորի համակարգի, հայտնում է Radar.am-ը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ այն խախտումները, որոնք ուղղակիորեն չեն ազդում երթևեկության անվտանգության կազմակերպման վրա, քաղաքացիներին կտան որոշակի ազատություն՝ կախված իրավիճակից։

«Ես շեշտում եմ անվտանգությունը, որովհետև կան երթևեկության ընդհանուր կանոններ և որոշ իրավիճակներում «ներելի» են։ Պետությունը հաճախ ավելի խիստ մոտեցում չի դրսևորում, այլ սահմանափակվում է՝ կիրառելով տուգանք կամ համանման վարչական պատասխանատվության միջոցներ, բայց կան խախտումներ, որ երթևեկության անվտանգության վրա էական ազդեցություն ունեցող են, և պետությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա՝ չթույլատրելով նման վարքագիծը»,–ասել է նա։

Նախարարի խոսքով, տուգանային միավորների ավելացումն ուղղված է հատկապես անվտանգության խախտումների խստացմանը։

«Օրինակ, չամրակապված վարելը, հանդիպակաց գոտի դուրս գալը, վարելիս կապի միջոցներից օգտվելը։ Սրանք այն շեմերն են, որտեղ խիստ մոտեցում պահպանելու կարիք կա, անվտանգային բաղադրիչը ավելի վեր դասելու»,–նշել է նա։

Նախատեսվում է, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի մայիսի 1-ից։

«Այդ օրվա դրությամբ այն քաղաքացիները, որ կունենան տուգանային միավորների չսպառված պաշար, իրենց մոտ այս թիվն ավտոմատ կդառնա 13 միավոր, իսկ եթե 9 միավորից, օրինակ, 2-ը սպառվել է, մայիսի 1-ից կդառնա 13 միավոր, և ավելի ճկուն քաղաքականություն կկարողանան վարել քաղաքացիները»,–հայտնել է նախարարը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---