Ազատանում կոտրել են շտապօգնության բուժակի քիթը․ Կա ձերբակալված

Ազատանում կոտրել են շտապօգնության բուժակի քիթը․ Կա ձերբակալված

PanARMENIAN.Net - Փետրվարի 21–ին հարձակման է ենթարկվել Գյումրիի շտապօգնության կայանի բուժակ Մհեր Քալոյանը։ Դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Ազատան համայնքում։ Այս մասին հայտնել է Հանրապետական Շտապօգնության ծառայության Շիրակի մարզային կայանի տնօրեն Կարեն Թորոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ շտապօգնության խումբը ժամանակին է հասել կանչի վայր։

Մհեր Քալոյանը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից հայտնել են, որ նրա մոտ ախտորոշվել է քթի բեկորային կոտրվածք, որը ուղեկցվել է արյունահոսությամբ։ Բուժաշխատողը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն, և նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Շտապօգնության աշխատակցի նկատմամբ կիրառված բռնության գործով մեկ անձ ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, գրում է Factor.am-ը։

«Փետրվարի 21-ին ժամը 06:40-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։

Մեկնել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։ Երիտասարդը հայտնել է, որ ժամը 05:10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավայրի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը մոխրամանով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։

44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին»,- նշել է Սարգսյանը։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն։ Միջադեպի հետևանքով կա մեկ տուժող, իսկ նախաքննությունը շարունակվում է։

ԵՊԲՀ ռեկտորը խիստ դատապարտել է բուժաշխատողի նկատմամբ կիրառված բռնությունը:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը անդրադարձել է բուժաշխատողի նկատմամբ կիրառված բռնությանը՝ նշելով, որ նման դեպքերը հակասում են մեր հասարակության արժեքներին։

«․․․Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Հայաստանում հերթական անգամ բռնություն են կիրառել բուժաշխատողի նկատմամբ․․․

Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բուժաշխատողի վրա` իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․Ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվեն նմանատիպ դեպքերը»,–գրել է նա։

Մուրադյանը շեշտել է, որ նման երևույթները խաթարում են բժշկի և հանրության միջև փոխադարձ վստահությունը՝ կոչ անելով խստագույնս դատապարտել նման վարքագիծը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---