Ուրալօղլու. Թուրքիան ձգտում է կյանքի կոչել Զանգեզուրի միջանցքը

Ուրալօղլու. Թուրքիան ձգտում է կյանքի կոչել Զանգեզուրի միջանցքը

PanARMENIAN.Net - Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան ձգտում է կյանքի կոչել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագիծը։ Այդ մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Անկարայի «Գազի» համալսարանում։

Նա ընդգծել է, որ այս երթուղին կարևոր օղակ կդառնա Չինաստանի և Եվրոպայի միջև մատակարարման ռազմավարական շղթայում, գրում է Minval.az-ը։

Ինչպես հաղորդում է «Ազերթաջը», նախարարը նշել է, որ Թուրքիան շարունակում է ակտիվ ներդրումներ կատարել լոգիստիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մեջ։

«Այսօր մենք ձգտում ենք Զանգեզուրի միջանցքը դարձնել Միջին միջանցքի մի մաս։ Սա Թուրքիային ավելի գործնականորեն կկապի թյուրքական աշխարհի հետ», — ասել է Ուրալօղլուն։

Բացի այդ, նա անդրադարձել է մեկ այլ կարևոր նախագծի՝ «Զարգացման ուղուն», որը պետք է Պարսից ծոցը միացնի Եվրոպական միությանը՝ անցնելով Թուրքիայի տարածքով։

«Իրաքի տարածքով անցնող այս երթուղու նախագծման աշխատանքներն ավարտվել են։ Մենք անցել ենք իրականացման փուլին։ Միջանցքի գործարկումը մեծ օգուտներ կբերի Թուրքիային», — նշել է նախարարը։

Իր ելույթի ավարտին տրանսպորտի նախարարը հայտարարել է Անկարայի և Ստամբուլի միջև նոր մայրուղի կառուցելու ծրագրերի մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին և սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---