Բրյուսել. Ուկրաինայի ապագան ԵՄ–ում է![]() 24 փետրվարի 2025 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Նրանք վստահեցրել են, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Կիևին, աշխատել արդար խաղաղության հասնելու ուղղությամբ և Ռուսաստանի պատասխանատվության ենթարկման համար։ ԵՄ առաջնորդները ընդգծել են, որ Ուկրաինան եվրոպական ընտանիքի անբաժանելի մասն է, հայտնում է Deutsche Welle-ն։ «Ուկրաինան մեր եվրոպական ընտանիքի մասն է։ Ուկրաինացիները հայտնել են Եվրամիության կազմում իրենց ապագան տեսնելու ցանկությունը։ Մենք դա ընդունել ենք՝ Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելով և անդամակցության բանակցություններ սկսելով»,- նշել են ԵՄ առաջնորդները։ «Ռուսաստանի սկսած դաժան պատերազմը միտումնավոր թիրախավորում է քաղաքացիական և կենսական ենթակառուցվածքները։ Ուկրաինայի ժողովուրդը դրսևորել է արիություն՝ պաշտպանելով իր երկիրը և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները»,- ասվում է հայտարարությունում։ ԵՄ առաջնորդները նշել են, որ «ՌԴ-ն և նրա ղեկավարությունը բացառիկ պատասխանատվություն են կրում այս պատերազմի և ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների համար»։ Նրանք հավելել են. «Մենք շարունակում ենք կոչ անել պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործությունները և մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները։ Մենք ողջունում ենք Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցանքի համար Հատուկ տրիբունալի ստեղծմանն ուղղված վերջին քայլերը»։ ԵՄ-ն խոստանում է շարունակել ֆինանսական աջակցությունը։ Բացի այդ, Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներն արդեն օգտագործվում են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ամրապնդման և էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնման համար։ ԵՄ առաջնորդները հիշեցրել են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շարունակվում են, իսկ ներխուժման տարելիցին ընդունվել է նոր՝ 16-րդ պատժամիջոցային փաթեթը։ ԵՄ առաջնորդները եզրափակիչ հայտարարությունում ընդգծել են Ուկրաինայի հետ համերաշխության պահպանումն ու միջազգային աջակցության շարունակականությունը։ «Մենք հաստատում ենք, որ խաղաղությունը, անվտանգությունը և արդարությունը կհաղթանակեն»,- ասվում է փաստաթղթում։ Լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր Բրյուսելը Ուկրաինային տրամադրել է 135 միլիարդ եվրո, որից 48․7 միլիարդը՝ ռազմական օգնություն։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |