Լուազոն՝ ՀՀ քաղուժերին․ Որքան տարանջատված լինեք, այնքան կուրախացնեք ձեր հակառակորդներին

Լուազոն՝ ՀՀ քաղուժերին․ Որքան տարանջատված լինեք, այնքան կուրախացնեք ձեր հակառակորդներին

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն կոչ է արել Հայաստանի քաղաքական ուժերին միավորվել՝ հանուն խաղաղության։ Նրա կարծիքով՝ որքան ավելի տարանջատված լինեն Հայաստանի քաղաքական ուժերը, այնքան ավելի մեծ կլինի հակառակորդների ուրախությունը։ Պատգամավորը այս միտքն արտահայտել է Հայաստանի Ազգային ժողովում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ։

Նա նշել է, որ Եվրոպան լավ գիտակցում է՝ Հայաստանը գտնվում է մարտահրավերներով լի տարածաշրջանում, և այդ դժվարությունները հաղթահարելու միակ ուղին քաղաքական միասնականությունն է, հայտնում է Արմենպրեսը։

Նատալի Լուազոն բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

«Մենք գիտենք, որ Հայաստանն ունի երկու հարևաններ, որոնց հետ նրա հարաբերությունները լավ չեն։ Միակ ճանապարհը միավորված լինելն է։ Ինչքան տարանջատված լինեք, այնքան կուրախացնեք ձեր հակառակորդներին։ Հայաստանի քաղաքական ուժերին կոչ եմ անում միավորվել հանուն խաղաղության»,- ընդգծել է պատգամավորը։

Նա հավելել է, որ Հայաստանի այս նախաձեռնություններին անհրաժեշտ է նաև Եվրամիության աջակցությունը։

Լուազոն գոհունակություն է հայտնել, որ Ֆրանսիան ռազմական համագործակցություն է հաստատել Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ Հայաստանը աշխարհում հայտնի է որպես խաղաղություն ձգտող երկիր։

«Թույլ տվեք այդ առումով ողջունել և գովասանքի խոսքեր ասել Հայաստանի այսօրվա կառավարության հասցեին»,- հավելել է նա։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև ԵՄ աջակցությունը Հայաստանի դիմակայունության բարձրացմանը՝ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության ու դիվերսիֆիկացիայի միջոցով։ Օրակարգում էր նաև ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերների համատեքստում, ինչպես նաև Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերը։

 Ուշագրավ
---