Փոխնախարար․ ՀՀ արտահանման նոր ռազմավարության առանցքում որակի բարձրացումն է![]() 25 փետրվարի 2025 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտահանման ռազմավարության մշակման գործընթացում առաջնահերթությունը տրվել է արտահանվող ապրանքների որակի բարձրացմանը։ Այդ մասին Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։ Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի նոր արտահանման ռազմավարությունն արդեն մշակվել է և գտնվում է հաստատման փուլում։ Այս գործում կարևոր դեր են ունեցել նաև Եվրոպական միության գործընկերները, հայտնում է Արմենպրեսը։ «Արտահանման ռազմավարության մշակման հիմքում ընկած են եղել այն ուսումնասիրությունները և այն գործող շուկաները, որտեղ մենք դիրքավորված ենք մեր ապրանքներով։ Հիմնականում շեշտադրումն արել ենք որակի վրա, որովհետև մենք հասկանում ենք, որ արտահանման մասին խոսելիս՝ ռազմավարության հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինի ապրանքների որակի բարձրացումը և մի շարք երկրների ստանդարտներին համապատասխանեցումը, այլապես արտահանումը շարունակաբար խոցելի կլինի»,- ընդգծել է նա։ Հովակիմյանը նշել է, որ Հայաստանի արտահանման քաղաքականությունը պետք է հիմնվի ոչ թե արտահանվող ապրանքների ծավալի, այլ դրանց որակի վրա։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ԵՄ-ի հետ համագործակցությանը, որը կնպաստի որակի ենթակառուցվածքների բարելավմանը։ «Պլանում ունենք լաբորատոր կարողությունների զարգացումը, որը մեզ հնարավորություն կտա ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիաներին տրամադրել համապատասխանության գնահատման փաստաթղթեր, որոնք կարող են ճանաչելի լինել նաև Եվրոպական միությունում․ սա է մեր հիմնական նպատակը»,- հավելել է էկոնոմիկայի փոխնախարարը։ Նիստի ընթացքում քննարկվել են ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև ԵՄ աջակցությունը Հայաստանի դիմակայունության բարձրացմանը՝ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության ու դիվերսիֆիկացիայի միջոցով։ Օրակարգում էր նաև ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերների համատեքստում, ինչպես նաև Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |