Իսլանդիան աջակցում է ՀՀ-ի եվրոպական ձգտումներին և գործընկերության ընդլայնմանը

Իսլանդիան աջակցում է ՀՀ-ի եվրոպական ձգտումներին և գործընկերության ընդլայնմանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ, որի ընթացքում քննարկել են Հայաստանի և Իսլանդիայի միջև հարաբերությունները, եվրոպական համագործակցության զարգացումն ու ժողովրդավարական արժեքների պահպանման անհրաժեշտությունը։

Իսլանդիայի ԱԳ նախարարը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Իսլանդիան աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումներին և գործընկերության ընդլայնմանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, տարբեր ձևաչափերով և հարթակներում Հայաստանի և Իսլանդիայի միջև փոխգործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել առաջիկա հնարավոր այցելություններին, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

«Նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցության խորացման ակտիվ դինամիկան վկայում է մեր կողմից այս ձևաչափով փոխգործակցությանը տրվող կարևորության մասին, և մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները՝ թե՛ երկկողմ ոլորտային համագործակցության, թե՛ տարածաշրջանային փոխգործակցության համատեքստում»,- ասել է Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարն իր իսլանդացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ ընդգծելով Իսլանդիայի՝ որպես ԵՄ-ի մերձավոր գործընկերոջ հետ փորձի փոխանակման և կարողությունների ամրապնդման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային իրադարձություններին։ Երկուստեք կարևորվել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի պահպանումը և փոխգործակցությունն՝ ընդհանուր արժեքային համակարգի շրջանակում։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակն ու կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը։

 Ուշագրավ
---