Ինյարիտու․ Բրյուսելը պետք է օգնի ՀՀ–ին՝ ԵՄ-ին անդամակցելու համարձակ քայլին![]() 26 փետրվարի 2025 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծիք է հայտնել, որ Բրյուսելը պետք է աջակցի Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու համարձակ քայլին և ապահովի, որ Երևանը միայնակ չմնա առկա մարտահրավերների առջև։ Նա այս կարծիքը հայտնել է, անդրադառնալով այն օրինագծին, որով Հայաստանի խորհրդարանը նախաձեռնեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը, հայտնում է Արմենպրեսը։ Ինյարիտուն համոզված է, որ Հայաստանի տեղը մշտապես եղել է Եվրոպայում՝ հաշվի առնելով ինչպես մշակութային, այնպես էլ պատմական կապերը։ «Իմ կարծիքով՝ Հայաստանի տեղը միշտ եղել է Եվրոպայում՝ լինեն դրանք մշակութային, թե պատմական կապերը։ Եվրոպական միությունը պետք է աջակցի Հայաստանին՝ վերականգնելու իր արժանի տեղը եվրոպական ընտանիքում»,– շեշտել է պատգամավորը։ Նա նշել է, որ այս նախաձեռնության հիմքում կանգնած է հանրային լայն աջակցություն ստացած քաղաքացիական ստորագրահավաքը, ինչը վկայում է քաղաքացիական հասարակության աճող դերի մասին Հայաստանի ազգային քաղաքականության ձևավորման և Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման հարցում։ «ԵՄ-ն պետք է աջակցի այս համարձակ քայլին և ապահովի, որ Հայաստանը միայնակ չդիմակայի մարտահրավերներին, քանի որ այն մնում է տարածաշրջանի սակավաթիվ ժողովրդավարություններից մեկը»,– հավելել է Ինյարիտուն։ Իսպանացի պատգամավորը նաև ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցության ճանապարհը պարզ չէ և պահանջում է լուրջ բարեփոխումներ տարբեր ոլորտներում։ «Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհը պարզ չէ և կպահանջի էական բարեփոխումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կառավարումը, օրենքի գերակայությունը և տնտեսական զարգացումը։ Եթե օրինագիծն առաջ շարժվի, Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Եվրոպական միության չափանիշներին և արժեքներին համապատասխանելու համար»,– նշել է նա։ Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ Ինյարիտուն կարծիք է հայտնել, որ Մոսկվան կփորձի խոչընդոտել Երևանի և ԵՄ-ի միջև կապերի խորացմանը։ «Կարևոր է նաև հիշել, որ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, խոշոր արշավ կսկսի՝ արգելափակելու Հայաստանի և ԵՄ-ի միջև սերտ կապերը, ինչպես նախկինում, երբ Հայաստանի վրա ճնշում էին գործադրում Եվրասիական տնտեսական միությանը միանալու համար՝ թողնելով երկրին ընտրության քիչ հնարավորություն»,– նշել է պատգամավորը։ Փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 7 պատգամավոր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |