ՇՄՆ․ Էքստրեմալ շոգը ՀՀ–ում հաճախակի է դարձել, ծայրահեղ ցուրտը՝ հակառակը

ՇՄՆ․ Էքստրեմալ շոգը ՀՀ–ում հաճախակի է դարձել, ծայրահեղ ցուրտը՝ հակառակը

PanARMENIAN.Net - «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ուսումնասիրություն են իրականացրել՝ գնահատելու, թե ինչպես է կլիմայի փոփոխությունը արտացոլվել Հայաստանի ծայրահեղ եղանակային երևույթների վրա։

«Կլիմայի գլոբալ տաքացումը ազդում է Հայաստանի վրա, բայց ինչպե՞ս է այն ազդել ծայրահեղ շոգ և ցուրտ եղանակների կրկնելիության վրա։ Այս հարցն են ուսումնասիրել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կլիմայի ծառայության աշխատակիցները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Բրիտանական թագավորական օդերևութաբանական ասոցիացիայի International Journal of Climatology գիտական ամսագրում։

ՀՀ 40 օդերևութաբանական կայանների գրանցած տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ վերջին հինգ տասնամյակներում էքստրեմալ տաք եղանակները հաճախակի են դարձել, մինչդեռ ծայրահեղ ցուրտ ջերմաստիճանների ցուցանիշները հակառակ միտումն են դրսևորել։ Սա հստակ վկայում է կլիմայի տաքացման ազդեցության մասին մեր տարածաշրջանում։

Ուսումնասիրությունը պարզել է, որ ջերմաստիճանի բարձրացման ամենաուժեղ տեմպերը դիտվում են ամռանը։ Ավելին, նկատվել է ջերմաստիճանի անհամաչափ աճ. ցերեկային ժամերին այն բարձրանում է ավելի արագ, ինչի հետևանքով վերջին տասնամյակներում էքստրեմալ շոգ օրերը և երկարատև ջերմային ալիքները դարձել են ավելի հաճախակի։

Մեղրիում 2011 թվականի հուլիսի 31-ին օդի առավելագույն ջերմաստիճանը 43․7 °C էր, իսկ Արարատյան դաշտում՝ 2017 և 2018 թվականների ամռանը, այն գերազանցել է 42 °C-ը։ 2000 թվականից սկսած՝ Երևանում ջերմային ալիքների տևողությունը մոտ 2-3 անգամ ավելի երկար է, քան դրա արվարձաններում։ Ամռան շոգ օրերին մայրաքաղաքի կենտրոնում օդի ջերմաստիճանը կարող է 3-5 °C-ով բարձր լինել հարակից շրջանների համեմատ՝ հատկապես գիշերային ժամերին։

Նշվում է, որ այս երևույթը կապված է այն հանգամանքի հետ, որ խոշոր քաղաքներում գիշերային ժամերին օդը դանդաղ է սառչում, և դրանք հանդես են գալիս որպես «ջերմային կղզիներ»։ Որոշ օրերին գիշերը օդի ջերմաստիճանը կարող է չնվազել 26-28 °C-ից, ինչը կարող է հանգեցնել ջերմային սթրեսի և առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---