Օրհներգը կկատարվի 6 տարբերակով, խախտումների դեպքում հնարավոր են պատժամիջոցներ

Օրհներգը կկատարվի 6 տարբերակով, խախտումների դեպքում հնարավոր են պատժամիջոցներ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է, որ երկրորդ ընթերցման ընթացքում կառավարության կողմից ներկայացվել են օրհներգում մի շարք տեխնիկական փոփոխություններ՝ առանց բովանդակային փոփոխությունների։

Այդ մասին նա խոսել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ, հայտնում է «Փաստինֆոն»։

Գաբրիելյանը նշել է, որ լինելու է օրհներգի 6 հավելված՝ երկար և կարճ 3-ական տարբերակները:

«Առաջին, երկրորդ ընթերցմանը մենք էլ ավելի ենք հստակեցրել օրհներգի կատարման կարգը և ձևերը: Շատ ավելի պարզ ասեմ, մենք ունենք մեկ հավելված օրենքում և ասում ենք, որ հենց էս հավելվածին համապատասխան պետք է լինի, բայց նույն օրենքը սահմանում էր, որ օրհներգը կարող է կամ երաժշտական կատարմամբ հնչել կամ ակապելլա կամ երկուսը միասին և մենք այս բոլոր երեք դեպքերի համար առանձին հավելվածներ ենք նախատեսել:

Միայն երաժշտության համար տվել ենք երկար տարբերակի նոտաները, երգչախմբի դեպքում տվել ենք տեքստը և նաև այս նույն երեք տարբերակները կարճ տարբերակով ենք սահմանել: Առաջին ընթերցման ժամանակ էլ ես ասեցի, որ աշխարհի բոլոր օրհներգները տարբեր միջոցառումների ժամանակ, կախված միջոցառման տևողությունից, բնույթից կատարվում են կարճ տարբերակով և այստեղ էլ, իմ կարծիքով, անհրաժեշտություն կա միասնական ստանդարտ ունենալու։ Այսինքն, լինելու է օրհներգի 6 հավելված՝ երկար և կարճ 3-ական տարբերակները»,-ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ բոլոր 6 տարբերակները կհրապարակվեն կառավարության պաշտոնական կայքում, և բոլոր այն միջոցառումներում, որտեղ պարտադիր է օրհներգի կատարումը, այն պետք է հնչի բացառապես այս 6 ձևերից որևէ մեկով։

«Եթե դրանից շեղում լինի, ապա միգուցե կարիք լինի թեկուզ վարչական օրենսգրքում սանկցիա սահմանել, թե այդ տարբերակներից շեղումն ինչի է հանգեցնելու»,–ասել է նա։

Օրհներգը կավարտվի հետևյալ տողերով․ «Նայիր նրան երեք գույնով` նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»:

 Ուշագրավ
---