Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, փետրվարի 26–ին պետք է կայանար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվել է:

Սերգեյ Ասատուրովի պաշտպանները չեն ներկայացել նիստին, հայտնում է “Փաստինֆոն»։

Մասնավորապես, Արման Մաթևոսյանն այլ աշխատանքի է անցել, որը համատեղելի չէ փաստաբանական գործունեության հետ, Արմինե Սարգսյանի հետ նախնական պայմանավորվածություն չի եղել, իսկ Արայիկ Ներսիսյանը նույնպես չի ներկայացել:

Գործով բացակայել է նաև դատախազ Հայկ Հարությունյանը, որն այլևս դատախազությունում չի աշխատում:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 24-ին՝ ժամը 16։00-ին:

2023 թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանության ծառայողները ուժի գործադրմամբ բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լևոն Քոչարյանին։ Ստացած վնասվածքների հետևանքով վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ նա ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու համար։

Քննությունը ներկայացրել էր մեղադրանք և դիմել դատարան՝ կալանավորման միջնորդությամբ, որը բավարարվել էր։ Այնուհետև, դառնալով ԱԺ պատգամավոր, Լևոն Քոչարյանը ազատ էր արձակվել կալանքից։ Նախաքննության վերջին փուլում նրա մեղադրանքը փոփոխվել էր, մեղադրանք էր առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին։

 Ուշագրավ
---