ԱԳՆ․ Սումգայիթի ոճրագործությունները սկիզբ դրեցին Ադրբեջանում հայերի դեմ լայնածավալ ջարդերին![]() 28 փետրվարի 2025 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ 1988թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։ «Սումագայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները և խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում՝ նույն օրինաչափություններով և զարհուրելի դաժանությամբ։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության: Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը: Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ պահեր` արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով»,–ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ «անհիմն» ու «կեղծ» անվանելով փաստագրված և ԽՍՀՄ դատարանում հիմնավորված մեղադրանքները։ Նա անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին առ այն, թե Սումգայիթում 6 հոգու սպանել և 3 կնոջ բռնության է ենթարկել ոմն Էդուարդ Գրիգորյանը։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հիշատակել է, որ Սումգայիթի 1988 թվականի փետրվարի 27-29-ի դեպքերի դատավարության արդյունքում 92 մարդ դատապարտվել է ազատազրկման, իսկ մեկը՝ մահապատժի, հայտնում է Trend–ը։ «Փոխարենը պնդելու, թե 2023 թվականին հայերի նկատմամբ իբր իրականացվել է «էթնիկական զտման» քաղաքականություն, հայկական կողմին ավելի օգտակար կլիներ ուշադրություն դարձնել ոչ միայն Ադրբեջանում, այլև օկուպացիայի տարիներին ադրբեջանցիների ու նրանց մշակութային ժառանգության դեմ իրականացված հանցագործություններին», — ասել է Հաջիզադեն։ Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988-ի փետրվարի 26-ի երկրորդ կեսից մինչև փետրվարի 29-ը հայկական ջարդերը նորագույն խորհրդային պատմության մեջ ազգային հողի վրա բռնության առաջին զանգվածային պայթյունն էր: Դրանք տևեցին երեք օր և ուղեկցվեցին զանգվածային բռնությամբ, թալանով ու սպանություններով, ինչն էլ Ադրբեջանից դեպի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ փախստականների առաջին հոսքի պատճառ դարձավ: Ջարդերի հանգամանքների պատշաճ հետաքննություն չանցկացվեց, մեղավորները չհայտնաբերվեցին ու չպատժվեցին, ինչն էլ ավելի սրեց Ադրբեջանի ու Ղարաբաղի հայ բնակչության դեմ բռնության ալիքը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |