ԱՀՀ–ն պահանջում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտումների համար

ԱՀՀ–ն պահանջում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտումների համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սումգայիթի հայերի ջարդերի տարելիցին և կոչ անելով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտումների համար։

Ամերիկայի հայկական համագումարը հիշատակում է Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցը, որը դաժանորեն ծրագրված և իրագործված ջարդ էր՝ ուղղված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայ բնակչության դեմ։ Համագումարը հիշեցնում է, որ խաղաղ հայերի նկատմամբ բռնությունները սկսվել են 1988 թվականի փետրվարի 27-ին և շարունակվել մինչև մարտի 1-ը, երբ հարձակվողները, ունենալով հայ բնակիչների հասցեները, երեք օրվա ընթացքում սպանել, ծանր վիրավորել, թալանել և վանդալիզմի ենթարկել են նրանց։

«Ջարդի տեղեկությունը լայն տարածում գտավ հիմնական լրատվամիջոցներում, սակայն Ադրբեջանի կողմից պետականորեն հովանավորվող բռնությունը սրվեց, և 1980-ականների վերջում ու 1990-ականներին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում նոր ջարդեր իրականացվեցին»,- ասված է Համագումարի հայտարարության մեջ։

Համագումարի գնահատմամբ՝ հակահայկական բռնությունները Ադրբեջանի արձագանքն էին արցախահայության ինքնորոշման օրինական իրավունքին, որը պաշտպանվում էր մարդու իրավունքների պաշտպանների կողմից ամբողջ աշխարհում։

«Հայ ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումն իր դաժան ավարտին հասավ 2020 թվականի սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի վրա Ադրբեջանի չարդարացված հարձակման ժամանակ, որին հաջորդեց արցախահայության բռնի վտարումն իրենց պապենական հողերից»,- նշված է տարածված հայտարարության մեջ։

Ամերիկայի հայկական համագումարը նաև դատապարտել է Ադրբեջանի շարունակական թշնամանքը, ինչպես նաև հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և պաշտոնյաների անօրինական կալանավորումը։ Կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար։

Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988-ի փետրվարի 26-ի երկրորդ կեսից մինչև փետրվարի 29-ը հայկական ջարդերը նորագույն խորհրդային պատմության մեջ ազգային հողի վրա բռնության առաջին զանգվածային պայթյունն էր: Դրանք տևեցին երեք օր և ուղեկցվեցին զանգվածային բռնությամբ, թալանով ու սպանություններով, ինչն էլ Ադրբեջանից դեպի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ փախստականների առաջին հոսքի պատճառ դարձավ: Ջարդերի հանգամանքների պատշաճ հետաքննություն չանցկացվեց, մեղավորները չհայտնաբերվեցին ու չպատժվեցին, ինչն էլ ավելի սրեց Ադրբեջանի ու Ղարաբաղի հայ բնակչության դեմ բռնության ալիքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---