ԱԳՆ–ի մոտ մեկնարկած գերիների հարցով ակցիան շարունակվել է կառավարության դիմաց![]() 28 փետրվարի 2025 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով ԱԳՆ–ի մոտ հավաքված ակցիայի մասնակիցները նախարարությունից պահանջել են անհապաղ հրավիրել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետներին՝ ներկայացնելով Բաքվում կատարվող ապօրինություններն ու պահանջելով այդ ուղղությամբ առարկայական քայլերի իրականացում: Ակցիայի մասնակիցները պարզել էին Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների լուսանկարները, հայտնում է Արմենպրեսը։ Ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը մատնանշել է միջազգային հանրության լռության խնդիրը՝ այն համարելով անընդունելի։ Ընթերցվել է նաև Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի փետրվարի 19-ի հայտարարությունը, որում նա ներկայացրել է իր նկատմամբ կիրառվող ապօրինությունները։ «Այս դատաքննությունը միայն իմ նկատմամբ չէ, սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել և աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»,– նշել էր Վարդանյանը՝ կոչ անելով միջազգային կառույցներին ու լրատվամիջոցներին միջամտել՝ կանխելու ապօրինությունները։ Ակցիայի մասնակիցները շեշտել են, որ Վարդանյանն արդեն 10 օր է, ինչ հացադուլի մեջ է, և իր վատառողջ վիճակի պայմաններում ստիպված է եղել մասնակցել վերջին դատական նիստին, ինչը միջազգային բոլոր նորմերով անընդունելի է։ «Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարած վիճակում պարտադրված է եղել մասնակցել վերջին դատական նիստին: Դեմքին առկա խոշտանգման հետքերը, նաև դատական նիստի ժամանակ ինքնազգացողության վատացումը ևս մեկ անգամ խոսում են Ադրբեջանի վայրագությունների մասին, քանի որ միջազգային բոլոր նորմերով հացադուլ արած քաղաքացիներն ազատվում են այդ պահին դատական նիստերի մասնակցելուց: Սակայն այդ դատական նիստին նա պարտադրված մասնակցել է»,– ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ հաջորդ դատական նիստը կայանալու է հաջորդ շաբաթ։ Առաքելյանը կարևորել է, որ Վարդանյանը դադարեցնի հացադուլը, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է ակտիվորեն գործի՝ միջազգային մակարդակով բարձրացնելով Բաքվում պահվող հայրենակիցների հարցը։ «Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի առկա վարքագիծը հնարավորություն չի տալիս միայն Հայաստանի ուժերով այս հարցը լուծել: Սակայն Հայաստանը պետք է հանդիսանա այս հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնողը»,– ասել է Առաքելյանը՝ դժգոհություն հայտնելով Հայաստանի իշխանությունների ձեռնարկած գործողություններից։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց ակցիան շարունակելու համար, այնուհետև նախատեսում են գնալ ՄԱԿ-ի գրասենյակ։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը կառավարության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարել է Ռուբեն Վարդանյանը մահանում է ադրբեջանական բանտում։ «Նրան ցմահ են դատելու։ Արդյո՞ք մենք դա մարսելու ենք։ Մենք մեր լավագույն հայորդուն կորցնում ենք ադրբեջանական բանտում։ Մեզ ամոթ կլինի։ Սթափվեք։ «Մարդիկ հարցեր ունեն՝ ինչո՞ւ եք գնացել։ Որովհետև դուք դա չեք անի, դրա համար նման հարցեր ունենք։ Դուք չէիք թողնի ձեր փափուկ տեղերն ու գնայիք Արցախ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Թանդիլյանը նաև խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին և նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Արցախում մղված պայքարը։ «Վախկոտների նման ծվարել էիք այստեղ, երբ որ Արցախի ժողովուրդը մտածում էր, որ դուք իրենց մոռացել եք։ Մոռացության եք ուզում մատնել նաև այս մարդկանց, ովքեր մինչև վերջին շունչը պայքարել են Արցախում։ Ստոր եք բոլորդ, ովքեր հարցնում եք՝ բա ինչո՞ւ չեք կռվել։ Դուք ո՞վ եք։ Դուք գիտեիք այնտեղ ինչ է կատարվում։ Այնքան զոհ, ինչքան արցախցին տվեց այդ մի քանի օրը... Դուք ուղղակի երազում էինք նրանք չգան, ձեզ համար գլխացավանք չլինեն»,- եզրափակել է նա։ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել՝ իր բողոքն արտահայտելով Ադրբեջանի կողմից իր դեմ կազմակերպված դատական գործընթացի դեմ։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ նրա առողջությունը և անվտանգությունը լրջագույն վտանգի տակ են։ Տեսաուղերձով է հանդես եկել նաև Վարդանյանի որդին՝ պնդելով, որ հայրը ենթարկվել է խոշտանգումների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |