Գրիգորյան․ 2 հարցում ՀՀ ու Ադրբեջանի մոտեցումները դեռևս չեն համաձայնեցվել

Գրիգորյան․ 2 հարցում ՀՀ ու Ադրբեջանի մոտեցումները դեռևս  չեն համաձայնեցվել

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի բանակցություններին՝ նշելով, որ 15 հոդված համաձայնեցվել է տարիների ջանքերի արդյունքում, սակայն դեռևս երկու կետ մնում է չհամաձայնեցված։

«Վերջին երկուսը դեռևս չի հաջողում, բայց Հայաստանը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որ կարողանանք վերջնականացնել այս երկու հոդվածը ևս։ Հիմա մենք քննարկումներ ենք իրականացնում, և երբ պատրաստ լինենք, կուղարկենք մեր պատասխանը»,–ասել է նա, հայտնում է Radar.am-ը։

Գրիգորյանը հավելել է, որ և մենք, և ադրբեջանական կողմը հրապարակային խոսել են այդ մասին։

«Հարցերից մեկը վերաբերում է երրորդ ուժերի ներկայությանը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաև, այսպես կոչված, դիվանագիտական պատերազմի ավարտին»։

Նա ընդգծել է, որ փաստաթղթում դիտորդական առաքելության մասին հատուկ նշում չկա, այլ միայն ընդհանուր ձևակերպում է առկա երրորդ ուժերի ներկայության վերաբերյալ։

«Սա կարող է վերաբերել նաև Եվրամիությանը, բայց կոնկրետ ԵՄ դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա խաղաղության պայմանագրում»,- ասել է նա։

Հարցին, թե ինչ է պահանջում Ադրբեջանը, Գրիգորյանը պատասխանել է, որ այստեղ պահանջի հարց չէ։

«Այստեղ մոտեցումները, ինչպես բանակցություններում լինում է հաճախ, տարբեր են և լուծում չեն գտել մինչև այս պահը»,–ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

 Ուշագրավ
---