Բուն Բարեկենդանին կհաջորդի Մեծ Պահքը

Բուն Բարեկենդանին կհաջորդի Մեծ Պահքը

PanARMENIAN.Net - Մարտի 2–ին կնշվի Բուն Բարեկենդանը, որը նախորդում է Մեծ Պահքին: Այս տոնը հնարավորություն է տալիս վայելելու զվարճանքներ, խաղեր և ճոխ ուտեստներ՝ հիմնվելով Եղիային ուղղված հրեշտակի խոսքի վրա. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7), հայտնում է Qahana.am-ը։

Մեծ Պահքի նախորդող Բարեկենդանն անվանվում է Բուն Բարեկենդան, քանի որ այն նախորդում է տարվա ամենաերկար պահքին։ Այն խորհրդանշում է այն երջանիկ վիճակը, որը, ըստ եկեղեցական ուսմունքի, Ադամն ու Եվան վայելում էին դրախտում:

Ավանդաբար, Բարեկենդանի տոնն ուղեկցվել է դիմակավոր ներկայացումներով, ազգային խաղերով ու տոնախմբություններով։

Տոնը համարվում է առաքինությունների արտահայտություն, քանի որ այն ընդգծում է ուրախությունը, խաղաղությունը և հոգևոր պատրաստությունը Մեծ Պահքի մեկնարկին: Յուրաքանչյուր հավատացյալ կոչված է պահեցողության, աղոթքի և բարեգործության միջոցով ոգով պատրաստվելու այս շրջանին։

Մեծ Պահքը տևում է 48 օր՝ սկսած Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը։ Այդ ընթացքում ընդունված է սննդակարգում բացառել կենդանական ծագման մթերքները։

Պահեցողությունը վերաբերում է ոչ միայն որոշակի սննդատեսակներից հրաժարվելուն, այլև՝ հոգևոր մաքրմանը։ Քրիստոնյաները հրաժարվում են վնասակար սովորություններից, հայհոյանքից, ստախոսությունից, շատախոսությունից և այլ մեղքերից։ Սննդի սահմանափակումն ինքնին բավարար չէ, եթե դրան չի ուղեկցում հոգևոր զղջումը։

Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է այն ժամանակահատվածը, երբ Քրիստոս անապատում ծոմ պահեց ու աղոթեց։

Մեծ Պահքն ընդգրկում է յոթ կիրակի՝ Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ։ Ժողովրդական ավանդույթների համաձայն՝ Մեծ Պահքի կեսին՝ Միջինքի օրը, սովորաբար պատրաստվում է պահոց գաթա, որի մեջ մետաղադրամ են դնում։ Համաձայն հավատալիքի՝ այն, ում բաժին է հասնում մետաղադրամը, տարին կանցկացնի հաջողությամբ։

Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվում են եկեղեցիների վարագույրները։ Դրանք բացվում են Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է Ծաղկազարդի տոնին, Ավագ հինգշաբթի՝ Սուրբ Պատարագին և ոտնլվայի արարողությանը, Ս. Գրիգոր Լուսավորչի՝ մուտն ի վիրապ տոնին, Տեառնընդառաջի ու Ավետման տոներին, եթե վերջիններս հանդիպում են Մեծ Պահքի ընթացքում: Մինչև Սուրբ Հարության տոն Ավետարանն այլևս չեն համբուրում, այն խորհրդանշում է Ադամի ու Եվայի զրկվելը Կենաց Ծառի պտղից:

Պահքի շրջանում եկեղեցին արգելում է պսակադրությունները և մատաղի կատարումը։ Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի որոշմամբ, որոշ դեպքերում թույլատրվել է պսակադրություն՝ բացառությամբ Ավագ շաբաթվա։ Հայ Առաքելական եկեղեցու օրացույցում տարվա ընթացքում պահոց 158 օր է ընդգրկված, որոնց մեծ մասը կարճատև են՝ օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր։ Սակայն Մեծ Պահքը ամենաերկարատևն է և առավել կարևոր նշանակություն ունի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---