ՀՀ–ում 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ավելորդ քաշ ունի

ՀՀ–ում 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ավելորդ քաշ ունի

PanARMENIAN.Net - Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության տվյալներով՝ ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալում) ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմել է 27.7%։ Միևնույն ժամանակ, STEPS և Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունների համաձայն, ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածությունը կազմում է մոտ 50%, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդը տառապում է ավելորդ քաշից։ Վերջին 30 տարում ավելորդ քաշի ցուցանիշները զգալիորեն աճել են․ մեծահասակների շրջանում այն կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել։

Ավելորդ քաշն ու ճարպակալումը զգալիորեն մեծացնում են ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման հավանականությունը, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղի, նյարդաբանական խանգարումների, քրոնիկական շնչառական հիվանդությունների և մարսողական համակարգի խնդիրների։

Քաշի ավելացումը հիմնականում առաջանում է էներգիայի ընդունման և ծախսման միջև անհավասարակշռության պատճառով։ Այն կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով՝ ժառանգական, հորմոնալ, սննդակարգային, ֆիզիկական թերակտիվության, հոգեբանական և սոցիալական պայմաններով։

Մանկության և պատանեկության շրջանում ավելորդ քաշը ոչ միայն բացասաբար է անդրադառնում առողջության վրա, այլև մեծացնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը հետագա կյանքում։ Բացի այդ, այն կարող է առաջացնել հոգեբանական խնդիրներ, խտրական վերաբերմունք և ազդել կյանքի որակի վրա։

Ավելորդ քաշից խուսափելու համար անհրաժեշտ է. բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, նվազեցնել բարձր կալորիականությամբ, տրանսճարպեր, աղ, շաքար պարունակող սննդամթերքի և ըմպելիքների օգտագործումը, նախապատվությունը տալ առողջ սննդին՝ մրգերին, բանջարեղենին, լոբազգիներին, ամբողջական հացահատիկներին և ընկուզեղենին, խուսափել ծխախոտից և ալկոհոլից, պահպանել հղիության ընթացքում քաշի նորմալ ավելացման ցուցանիշները, նորածիններին առաջին վեց ամիսներին բացառապես կրծքով կերակրել, վերահսկել երեխաների սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը։

Ճարպակալման կանխարգելումը ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթություններից մեկն է։ Այս նպատակով իրականացվում են առողջ ապրելակերպի խթանման արշավներ, որոնք ներառում են ինչպես առողջ սննդակարգի, այնպես էլ ֆիզիկական ակտիվության խրախուսման միջոցառումներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---