Սինանյան․ Երուսաղեմի հայ համայնքը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած

Սինանյան․ Երուսաղեմի հայ համայնքը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։

Նա նշել է, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ, հայտնում է Արմենպրեսը։

«Ինչպես գիտեք, մինչ այս խնդիրներ կային պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցման, դրան առնչվող դատական գործերի հետ կապված։ Այսօր էլ տեսնում ենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից սկսած հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին՝ պնդելով, որ չեն վճարվել որոշ հարկեր։ Պահանջում են կլորիկ գումար, որը չվճարելու դեպքում կլինեն կոնկրետ հետևանքներ։ Դա նշանակում է, որ այդ պարտքը, հավանաբար, գույքի, տարածքի միջոցով պետք է մարվի, ինչը ճակատագրական կարող է լինել Երուսաղեմի հայկական ներկայության համար»,-ասել է Զարեհ Սինանյանը։

Նրա խոսքով՝ հայկական թաղամասը գոյատևել է հայ բարերարների սերունդների տասնյակ տարիների մեծածավալ ներդրումների ու ջանքերի շնորհիվ։

«Դա հսկայական առավելություն է։ Հայերը կարողացել են մի ամբողջ թաղամաս ձեռք բերել և հիմա կանգնած ենք կորուստներ ունենալու վտանգի առաջ։ Այդ խնդիրները, իհարկե, տեղում են առաջանում, կապված չեն Հայաստանի Հանրապետության հետ, սակայն նման դեպքերում հաճախ են դիմում մեր կառավարությանը, որ լուծումներ առաջարկվեն»,-հավելել է Զարեհ Սինանյանը։

Երուսաղեմի հայկական թաղամասը հնագույն էթնիկ-կրոնական շրջան, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։ Այն Երուսաղեմի քրիստոնեական, մահմեդական և հրեական թաղամասերի հետ կազմում է աշխարհի երեք կրոնների կարևորագույն վայրերից մեկը՝ զբաղեցնելով Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։ Թաղամասի ներքին կյանքը կարգավորվում և ղեկավարվում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի կողմից։

 Ուշագրավ
---