Բաքվում հրապարակել են Վարդանյանի անձնական նամակագրությունները․ Նա հրաժարվել է պատասխանել հարցերին![]() 5 մարտի 2025 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՄԻՊ–ը, որը հայ գերիների խոշտանգումների շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին այցելել է Բաքվի բանտում շինծու գործերով պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և նախկին նախագահ Բակո Սահակյանին, հայտարարել է, թե վերջիններս ասել են, որ «իրենց նկատմամբ դրսևորվում է մարդասիրական վերաբերմունք»։ ՄԻՊ-ի մամուլի ծառայության համաձայն, Վարդանյանն ու Սահակյանը «չեն ենթարկվել խտրականության կամ դաժան վերաբերմունքի, և ապահովված են անհրաժեշտ պահման պայմաններով ու բժշկական ծառայություններով», գրում է APA-ն։ Նշվում է նաև, թե Վարդանյանին ու Սահակյանին մի քանի անգամ այցելել են ՄԻՊ-ը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ինչի համար իրենց երախտագիտությունն են հայտնել։ Մարտի 4-ի նիստում հրապարակել են Վարդանյանի անձնական նամակագրությունը WhatsApp, Signal և Telegram–ում և ձայնային հաղորդագրությունները տարբեր անձնաց հետ։ Վարդանյանը ոչ մի հարցի չի պատասխանել։ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղվել ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման և դրանց արտադրության գործարանի կառուցման տեխնիկական փաստաթղթերի ստացման համար իր վարած բանակցությունների, գործարանի կառուցման փաստաթղթերի ստացման վերաբերյալ Արման Ջիլավյանին տված հանձնարարականների, «VoMa-ի հիմնադիր Վլադիմիր Վարդանովի (Վովա) հետ Վարդանյանի հարաբերությունների», նրան WhatsApp-ով ուղարկված նամակների և ձայնային հաղորդագրությունների, Ղարաբաղում վարժանքների կազմակերպման և ֆինանսավորման, Վլադիմիր Վարդանովի՝ Ադրբեջանի դեմ Առաջին Ղարաբաղյան պատերազմին, 2016 թվականի ապրիլյան մարտերին և Երկրորդ Ղարաբաղյան պատերազմին մասնակցության վերաբերյալ, հայտնում է Trend-ը։ Վարդանյանին մեղադրել են իր հիմնած հումանիտար և բարեգործական հիմնադրամների և կազմակերպությունների միջոցով «Ղարաբաղում տարբեր տարիքային խմբերի համար ռազմական ուսումնական ծրագրերի կազմակերպման, հատուկ ճամբարների հիմնադրման, հրահանգիչների, ուսումնական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև այդ գործողությունների ֆինանսավորման մասին»։ Հիշատակվել են անգամ Dilijan Community Center-ն ու «Ազնավուր» հիմնադրամը։ Վարդանյանին ներկայացվել են «Ղարաբաղում գործող ապօրինի զինված կազմավորումների ղեկավարների և անդամների ցուցակները՝ պարզելու նրա կապերը նրանց հետ, վճարումների կարգը և ֆինանսավորման աղբյուրները»,–ասվում է հրապարակման մեջ։ Վարդանյանին հարցեր են ուղղվել նաև Telegram հավելվածում Արթուր Ալավերդյանի հետ շփումների մասին, որոնք վերաբերել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ձեռքբերմանը։ Քննարկվել է, թե ինչ նպատակով է նախատեսել ձեռք բերել ԱԹՍ-ներ, ինչ միջոցներով, և արդյոք այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից գումար է հավաքագրել այդ նպատակով։ Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է պատասխանել հարցերին։ Նիստի սկզբում Վարդանյանի պաշտպանական կողմը ներկայացրել է մի շարք միջնորդություններ՝ կապված նրա իրավունքների հստակեցման, գործի նյութերին լրացուցիչ ծանոթանալու հնարավորությունների ստեղծման, այդ թվում՝ նիստերի արձանագրություններին հասանելիության, ինչպես նաև նրան մեղադրյալի կարգավիճակով ներգրավելու մասին որոշման ռուսերեն թարգմանության տրամադրման վերաբերյալ։ Բացի այդ, ներկայացվել է միջնորդություն՝ Վարդանյանի իրավունքները պաշտպանող օտարերկրյա քաղաքացիություն ունեցող իրավաբանի մասնակցության թույլտվության համար, գրում է Minval.az-ը։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, թե նման միջնորդություններ նախկինում արդեն քննարկվել են և ընդունվել են համապատասխան որոշումներ։ Նա ընդգծել է, որ «մեղադրյալը նախաքննության և դատական նիստերի ընթացքում բավարար ժամանակ է ունեցել գործի նյութերին ծանոթանալու համար։ Ըստ դատախազի՝ նրա իրավունքների և պարտականությունների մասին ծանուցումն արդեն արձանագրվել է գործի նյութերում, իսկ նրան մեղադրյալ ճանաչելու որոշումը հաստատված է դատավարական փաստաթղթերով, ուստի դատախազն առաջարկել է մերժել միջնորդությունները»։ Միջնորդությունները մերժվել են, սակայն Աղաևն ասել է, որ եթե Վարդանյանը ցանկանա նորից ծանոթանալ փաստաթղթերին, այդ թվում՝ դատական նիստերի արձանագրություններին, ապա անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն։ Այնուհետև Ռուբեն Վարդանյանին կրկին առաջարկվել է տալ ազատ ցուցմունք, սակայն նա հրաժարվել է։ Նշվում է, որ դատական նիստի ընթացքում որպես ապացույցներ ներկայացվել են «ձայնային հաղորդագրություններ, նամակագրություններ, փաստաթղթեր, ինչպես նաև լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուղարկվել են WhatsApp, Signal և Telegram հավելվածների միջոցով և անմիջականորեն առնչվում են քննվող գործին»։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 11-ին։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |