Կրասարում 270 գլուխ կով վարակված է բրուցելոզով․ Աշխատանքային խումբ է ձևավորվել

Կրասարում 270 գլուխ կով վարակված է բրուցելոզով․ Աշխատանքային խումբ է ձևավորվել

PanARMENIAN.Net - Կրասար գյուղի ֆերմերները բարձրաձայնել են, որ մոտ 270 գլուխ խոշոր եղջերավոր անասուն վարակվել է բրուցելոզով։ Ֆերմեր Բաբկեն Սահակյանը հայտնել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային մասնագետները փետրվարին նմուշառում են իրականացրել, ինչի արդյունքում իր ֆերմայում հաստատվել է բրուցելոզի առկայությունը, տեղեկացնում է Factor.am-ը։

«50 գլուխ կովից 37-ի մոտ բրուցելոզ է հաստատվել։ Սաղ գեղին կա, մենակ մերը չէ, ով 10 հատ կով ունի, 10-ի մոտ էլ բրուցելոզ են հաստատել»,- ասել է նա։

Գյուղի բնակիչները նշում են, որ անասնապահությունը նրանց հիմնական եկամտի աղբյուրն է։ Նրանց խոսքով՝ բրուցելոզը տարածվել է գյուղի բոլոր ֆերմաներում։ Այս խնդրին բախվել է նաև ֆերմեր Կորյուն Հովհաննիսյանը, ում խոշոր եղջերավոր անասուններից 39-ի նմուշներն ուսումնասիրվել են, և 33-ի մոտ հայտնաբերվել է վարակ։ Վերջինս, սակայն, չի վստահում լաբորատոր քննության արդյունքներին՝ նշելով, որ դեկտեմբերին կատարված փորձաքննությամբ ոչ մի հիվանդություն չէր հայտնաբերվել։

Նրա խոսքով՝ պատկան մարմինները հայտնել են, որ վարակված կենդանիները պետք է հարկադիր սպանդի ենթարկվեն, սակայն վաճառքի պայմանները անընդունելի են։

«Մի կգ միսը սպանդանոցը 500-600 դրամով է ուզում: Մի կովն առել եմ 1 մլն 200 հազար դրամ, էդ կովը մորթեցի, վաճառեցի, գումարը 100 հազար դրամ փող է կազմելու։ Հիմա վատ շրջան է, կովը ծնել է, վրեն միս չկա, ոսկոր է: Ամբողջ տարին չարչարվել ենք, վարկով փող ենք վերցրել, կեր ենք առել, սպասում ենք, որ կովը ծնի, հորթն ու կաթը վաճառենք, գումար աշխատենք, գալիս ասում են՝ հիվանդ է, պետք է հարկադիր մորթի ենթարկես»,- դժգոհել է Կորյուն Հովհաննիսյանը։

Կրասարում արձանագրված բրուցելոզի դեպքերի կապակցությամբ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը հայտնել է, որ այժմ ձևավորվել է աշխատանքային խումբ։ Նա ընդգծել է, որ այդ խմբի շրջանակում նախատեսվում են մարզային այցեր։

«Վնասի փոխհատուցման մասով նշեմ, որ բոլոր սցենարներն էլ նախարարությունում քննարկվում են»,- հավելել է նա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---