Փարիզում քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության հեռանկարները

Փարիզում քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին։ Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ներառյալ փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ուսումնասիրումը, ինչպես նաև մասնավոր հատվածի միջև գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։

Տիգրան Խաչատրյանը, կարևորելով ֆրանսիական ձեռնարկությունների հետ արդեն ձևավորված հաջող համագործակցությունը, ընդգծել է Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը՝ նոր գիտելիքի ներգրավման և գործարար մշակույթի զարգացման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր համագործակցության հնարավոր ուղղություններ։ Մասնավորապես, խոսվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքներում Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև ֆրանսիական առաջատար շինարարական և ինժեներական ընկերությունների մասնակցության հնարավորության մասին։

Էրիկ Լոմբարդը, ընդգծելով Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման կարևորությունը, վստահեցրել է, որ քննարկված ծրագրերը շարունակելու են մնալ Ֆրանսիայի կառավարության ուշադրության կենտրոնում, և դրանց իրագործման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։

Կողմերը համաձայնության են եկել համագործակցության հետագա քայլերի և ծրագրերի իրագործման վերաբերյալ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---