Թանդիլյան․ Չգիտենք՝ Ռուբեն Վարդանյանը տեղյա՞կ է, մեր խնդրանքի մասին, թե ոչ

Թանդիլյան․ Չգիտենք՝ Ռուբեն Վարդանյանը տեղյա՞կ է, մեր խնդրանքի մասին, թե ոչ

PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որը մարտի 1–ից հացադուլ է սկսել, ասել է, որ դեռ չեն կարողացել կապ հաստատել Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ՝ չգիտեն՝ նա տեղյա՞կ է իրենց խնդրանքի մասին, թե ոչ, հայտնում է News.am-ը։

«Այս հացադուլն իմ մասին չէ, ուղղակի խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, որ ողջ մնա։ Ես վստահ էլ չեմ, որ իմ հացադուլի մասին իմանալուց հետո նա կդադարեցնի իր հացադուլը, որովհետև ոչ մեկս չգիտենք` իրականում ինչ է կատարվում այնտեղ»,–ասել է նա։

Հարցին, թե արդյոք պատրաստվում է դադարեցնել հացադուլը, հաշվի առնելով առողջական վիճակը՝ Թանդիլյանը պատասխանել է, որ Վարդանյանն ավելի վատ վիճակում է, սակայն շարունակում է հացադուլը Բաքվի բանտում։

«Շատ ավելի վատ ինքնազգացողությամբ և առողջական ավելի վատ վիճակում Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում շարունակում է հացադուլը։ Յուրաքանչյուր գիտակից մարդ պիտի հասկանա, որ ամեն օր իր համար մահացու է։ Իմ խնդրանքն իր մեջ նաև ժամկետ ունի, ես խնդրել եմ, որ նա դադարեցնի հացադուլը, որովհետև հայ ժողովուրդն իր կարիքն ունի։ Ինչքանով է հայ ժողովուրդը դա հասկանում՝ չգիտեմ, բայց ես, իմանալով, ինչ հայորդի է Բաքվի բանտում, ուղղակի ուզում եմ, որ նա ողջ մնա»,–ասել է նա։

Խոսելով իր առողջական վիճակի և երեկվա ինքնազգացողության վատթարացման մասին՝ նա նշել է, որ ունեցել է ցածր ճնշում և հաճախասրտություն, ինչի հետևանքով շտապօգնություն է կանչվել։ Բժշկական միջամտությունից հետո վերադարձել է և ընդգծել, որ այժմ համեմատաբար ավելի լավ է։

Թանդիլյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի որոշմանը՝ փակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը Բաքվում՝ դա որակելով որպես ռազմագերիների հանդեպ իրականացվող խոշտանգումները թաքցնելու միջոց։

«Դա ակնհայտ է, որովհետև գերիների ընտանիքները նրանց հետ կապ են հաստատում Կարմիր խաչի միջնորդությամբ։ Եվ ինչ է սա նշանակում, Ալիևին թույլատրված է անգամ միջազգային կառույցներին վտարել Բաքվից։ Բա բան չունի՞ ասելու աշխարհը, իսկ ու՞ր են սանկցիաները»,– ասել է քաղաքական գործիչը։

Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է արագ և խիստ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինիս կողմից միջազգային կազմակերպությունների վտարման անթույլատրելի լինելու պատճառով։

Մարտի 1-ին Մանե Թանդիլյանը հայտարարել էր հացադուլի մասին՝ այն մեկնարկելով ի պաշտպանություն Բաքվում ապօրինաբար դատապարտված հայերի և Ռուբեն Վարդանյանին կոչ անելով դադարեցնել իր հացադուլը։

 Ուշագրավ
---