Սահակյան․ ԿԽՄԿ փակումը նշանակում է, որ հայերի ճակատագիրը մնում է բացառապես Բաքվի քմահաճույքների տիրույթում

Սահակյան․ ԿԽՄԿ փակումը նշանակում է, որ հայերի ճակատագիրը մնում է բացառապես Բաքվի քմահաճույքների տիրույթում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները որոշել են դադարեցնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի գործունեությունը Բաքվում, ինչը մարտի 5-ին հաստատել է կազմակերպության տեղի ներկայացուցիչը։

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով այն հարցին, թե այդ դեպքում ինչպես է կապ ապահովվելու հայ ռազմագերիների հետ, ասել է, որ ԿԽՄԿ փակումը նշանակում է, որ հայերի ճակատագիրը մնում է բացառապես Բաքվի քմահաճույքների տիրույթում, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումը կխզի Բաքվում պահվող հայ գերիների հետ կապի վերջին հնարավորությունը՝ խորացնելով նրանց տառապանքներն ու մեծացնելով անորոշությունը։

«Սա նշանակում է, որ Բաքվում պահվող հայերի ճակատագիրը մնում է բացառապես ադրբեջանական իշխանությունների քմահաճույքների տիրույթում, ինչը կարող է հավելյալ քաղաքական լծակ դառնալ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար»,- ընդգծել է նա։

Ըստ Սահակյանի՝ ԿԽՄԿ-ն միակ կառույցն է, որն անմիջականորեն այցելել է ռազմագերիներին՝ չնայած այն հանգամանքին, որ չունի խոշտանգումների կանխարգելման մեխանիզմներ։ Նրա խոսքով՝ Բաքվում մարդու իրավունքների վիճակի վատթարացմանը զուգահեռ ադրբեջանական իշխանությունները միտումնավոր սահմանափակում են այդ իրավիճակը արձանագրող կառույցների աշխատանքը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պարագայում ակնհայտ է դառնում ադրբեջանական կողմի թիրախավորված գործելակերպը, քանի որ գրասենյակի հիմնական գործունեությունը կապված է հակամարտության մարդասիրական հետևանքները մեղմելու հետ, և այստեղ հիմնական շահառուն հայերն են` պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, իսկ Կարմիր խաչն, ըստ էության, ներպետական մարդու իրավունքների հարցերով ներգրավվածություն չունի»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է հայկական կողմի հնարավոր քայլերին, ապա Սահակյանը նշել է, որ պետք է փորձել ներգրավել այլ միջազգային կառույցներ, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն կամ ՄԱԿ-ի համապատասխան մանդատային մարմինները։ Նրա կարծիքով, կարևոր է նաև այլընտրանքային մեխանիզմներ մշակել՝ ապահովելով դիվանագիտական կամ հյուպատոսական հասանելիություն։

«Վիեննայի կոնվենցիան նախատեսում է, որ այլ երկրներում պահվող օտարերկրյա քաղաքացիները դիվանագիտական հյուպատոսական այցելությունների իրավունք ունեն։ Սա բացարձակ իրավունք է և կարևոր է արդար դատաքննության համար։ Պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ՝ այդ հյուպատոսական այցելությունը չեն կարող իրականացնել մեր հյուպատոսական աշխատակիցները, բայց հնարավորություն կա պատվիրակել իրավունքի իրականացումը 3-րդ չեզոք երկրների, և սա էր պատճառը, որ նաև հասարակական կազմակերպությունները համախմբվեցին ու հատուկ կոչ ներկայացրին նաև Շվեյցարիայի իշխանություններին` իրենց միջոցով ապահովելու հյուպատոսական տեսակցության իրավունքի ապահովումը»,- հավելել է Սահակյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե հայկական կողմն ինչ քայլեր է ձեռնարկելու՝ ՀՀ ԱԳՆ–ն հիշեցրել է, որ մարտի 5-ին Ազգային ժողովում նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ վերջին օրերին ԱԳՆ-ն ակտիվ աշխատանք է տարել ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։

«Ես ուզում եմ մի շաբաթվա կամ 10 օրվա թարմության մի քանի տեսանելի բաներ թվարկել: Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը, թերևս, այս հարցով ամենապատկառելի և վերաբերելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ հրապարակային ելույթ, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային և շինծու դատավարությունների թեմային և այդ «դատավարություններում» գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային: Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ: Այս ամբողջը վերջին մի շաբաթվա-տասը օրվա բան եմ ասում: Ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ. կրկին, այս ոլորտի, այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում: Մեր հանդիպումից երկու-երեք օր անց Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը` Վոլկեր Տյուրկը, հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայազգի պահվող անձանց»,- նշել է նախարարը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից նշել են, որ ԿԽՄԿ-ն, թեև ապահովում էր գերիների հետ կապի հիմնական միջոցը, միակ աղբյուրը չէ։

«Անազատության մեջ պահվող անձանց մասին որոշակի տեղեկություններ ստացվում են նաև Եվրոպական դատարանի միջոցով։ Քանի որ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն միջազգային իրավական գործընթացներ, քանի որ կա որոշակի պահանջ, և նախկինում դատարանի կողմից եղել են որոշումներ միջանկյալ միջոց կիրառելու մասին, դրանց շրջանակում պատասխանող կողմը (խմբ․ Ադրբեջանը) պարտավորություն ունի որոշակի պարբերականությամբ տեղեկատվություն տրամադրել այդ անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի վերաբերյալ»,- նշել են գրասենյակից։

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտնել էր ոչ միայն ԿԽՄԿ-ի, այլև ՄԱԿ-ի չորս կառույցների՝ UNDP-ի, UNFPA-ի, UNHCR-ի և UNICEF-ի ներկայացուցչությունները փակելու մտադրության մասին։

 Ուշագրավ
---