Բալասանյանը՝ Փաշինյանին․ «Վերջին բոյ» պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև Բերդի» դեմ

Բալասանյանը՝ Փաշինյանին․ «Վերջին բոյ» պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև Բերդի» դեմ

PanARMENIAN.Net - Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում նախընտրական հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարություններին, որտեղ անդրադարձ է եղել «Սև Բերդ» ամրոցի սեփականաշնորհման հարցին:

Անդրադառնալով «վերջին բոյի» մասին խոսքերին՝ Բալասանյանն ասել է, որ «վերջին բոյ» պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև Բերդի» դեմ:

Բալասանյանն ընդգծել է, որ առողջական խնդիրների և իր ընտանիքի նկատմամբ ճնշումների պատճառով երկար ժամանակ չէր արձագանքել այս թեմային, սակայն այժմ այլևս չի կարող լռել: Նրա խոսքով՝ ամենազավեշտալին այն է, որ վարչապետը նույնիսկ տեղյակ չէ, որ գործի քննությունն առնչվում է ոչ թե «Սև Բերդ» ամրոցին, այլ դրա հարակից տարածքներին:

«Բոլոր գյումրեցիները գիտեն, թե ինչ վիճակում է գտնվել «Սև Բերդ» ամրոցը մասնավոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում՝ մասնավոր անձից և ինչ է դարձել հիմա: Մշակութային, մարզական, պետական (որոնց մասնակցել ես ինքդ) մակարդակի ինչ միջոցառումներ են տեղի ունեցել «Սև բերդում»՝ բացարձակապես անվճար, մինչ օրս քաղաքի տուրիստական զարդն է՝ նորից անվճար:

Ձեր խղճուկ խմբակը Գյումրիի զբոսաշրջային զարգացման համար չի արել 10 տոկոսն այն ամենի, ինչ արել է «Սև Բերդ» ամրոցը ՝ մեր քաղաք հարյուր հազարավոր այցելուներ բերելով ու դառնալով թիվ մեկ այցեքարտը:

Ինչ վերաբերում է «Սև Բերդ»-ի ապօրինի լինելուն, խորհուրդ եմ տալիս նախքան մեղադրելը, անմեղության կանխավարկած խախտելը, քո ելույթով պետական ամբողջ գործիքակազմն իմ ընտանիքի դեմ տրամադրելը՝ ստանալ ճիշտ տեղեկություններ: «Սև Բերդ» ամրոցը մեր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից այլ ոչ թե համայնքից: Այնպես որ, «Սև Բերդ» ամրոցը չի կարող դառնալ քո սիրելի #հատիկառհատիկի կոնտենտ և հայտնվել ռենջ ռովեռի կողքին»,–ասվում է հայտարարության մեջ։

Նա նաև ընդգծել է, որ իր առողջական վիճակը բարելավվելուն պես վերադառնալու է Գյումրի՝ իրավական և քաղաքական պատասխան տալու իր դեմ առաջ քաշված մեղադրանքներին: Բալասանյանը հիշեցրել է, որ իր որդու՝ Խաչատուր Բալասանյանի գործով դատական գործընթացը մտել է բաց փուլ, և շուտով ակնհայտ է դառնալու, թե որքան շինծու է այն:

Նա կոչ է արել գյումրեցիներին ակտիվորեն մասնակցել առաջիկա ավագանու ընտրություններին և մերժել իշխանություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու «ինքնահայտարարագրվածները» մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել «իրենց թալանածը»:

«Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի մի համատեքստ՝ նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և ճակատամարտին», –ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---