Շվեյցարիայի խորհրդարանը կքննարկի ԼՂ-ի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով անցկացնելու հարցը

Շվեյցարիայի խորհրդարանը կքննարկի ԼՂ-ի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով անցկացնելու հարցը

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Կանտոնների խորհրդում մարտի 18-ին նախատեսվում է քննարկում, որը կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերին, ինչպես նաև այնտեղից բռնի տեղահանված հայերի վերադարձի ապահովմանը։ Այդ մասին ասվում է Շվեյցարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում, հայտնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ՝ 2024 թվականի դեկտեմբերին, խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, ընդունել էր համապատասխան բանաձև՝ կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը նախաձեռնել խաղաղության միջազգային համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Բանաձևում նշվում է, որ նախատեսվող համաժողովի նպատակը լինելու է «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---