2 անձ սոցցանցում խարդախության միջոցով մոտ 10 մլն դրամ է հափշտակել

2 անձ սոցցանցում խարդախության միջոցով մոտ 10 մլն դրամ է հափշտակել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն բացահայտվել է, որ Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կեղծ անհատական էջեր են ստեղծել՝ օգտագործելով հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայերի լուսանկարները։ Ներկայանալով որպես այդ անձանց բարեկամներ կամ ընկերներ՝ նրանք խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր պատրվակներով գումար են պահանջել, որի համար տրամադրել են նախապես իրենց կողմից ստեղծված հեռախոսահամարներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակներ, ինչպես նաև ՀՀ-ում գործող կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող տնտեսվարողների բանկային քարտերի տվյալներ։

Տուժողները, վստահելով կեղծ էջերին, գումարները փոխանցել են, որոնք հետագայում հափշտակվել են։

Բացի դրանից, Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն նախնական համաձայնությամբ կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 10 միլիոն 542 հազար 500 դրամի փողերի լվացում։

Մասնավորապես, խարդախությամբ ստացված գումարները փոխակերպվել են կրիպտոակտիվների, որոնք հետո վաճառվել են այլ փոխանակման կետում՝ վերածվելով դրամի։ Այնուհետև գումարը փոխանցվել է Դ.Գ.-ի և Ա.Հ.-ի անունով գրանցված էլեկտրոնային դրամապանակների հաշվիներ՝ օրինականացման նպատակով։

Դ.Գ.-ի և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով խարդախություն) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։

Դ.Գ.-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և Հայաստանից դուրս գալու արգելք, իսկ Վ.Ս.-ն կալանավորվել է, սակայն ներկայումս գտնվում է հետախուզման մեջ։

Հափշտակված գումարից վերականգնվել է 686 հազար դրամ։

Դ.Գ.-ի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---