Կանայք խնդրել են Վեհափառին, որ հորդորի Վարդանյանին դադարեցնել հացադուլը

Կանայք խնդրել են Վեհափառին, որ հորդորի Վարդանյանին դադարեցնել հացադուլը

PanARMENIAN.Net - 25 կին դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ խնդրելով նրան միջամտել և հորդորել շինծու գործով Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, որն արդեն տևում է 22 օր։

«Վեհափա՛ռ հայր, հայոց պատմության դժվարագույն այս պահին, երբ Բաքվի բանտերում ապօրինի դատավարության անվան ներքո խոշտանգվում և կեղեքվում են 23 հայ պատանդ-գերիներ, ի թիվս որոնց բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները, որոնցից Ռուբեն Վարդանյանն արդեն 22 օրն է, ինչ հացադուլի մեջ է՝ Ալիևի վարչակազմից պահանջելով արդար դատաքննություն, ինչպես նաև ունենք մոտ 80 բռնի անհետացած հայորդիներ, որոնց գտնվելու մասին Բաքուն դեռևս պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տրամադրում, մենք հայ կանայք, մայրերը անսասան հույսով և հավատով դիմում ենք Ձեզ՝ հայցելով Ձեր հայրապետական աջակցությունը․

Ա․ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը, որն արդեն ունեցել է որոշակի քաղաքական ազդեցություն․ ժամն է անցնելու պայքարի այլ ձևերի, մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի աստվածատուր կյանքն ու առողջությունը թանկ են բոլորիս համար։ Համոզված ենք՝ Ձեր ազդու, հավասարակշիռ խոսքին և իմաստուն հորդորին, աղոթքի զորությանը սպասում են Ռուբեն Վարդանյանն ու ողջ հայությունը՝ որպես Աստուծո լույսի ուղենիշ։

Բ․ Տեղյակ ենք, որ Բաքվի բանտերում հայ լինելու և հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարելու համար շինծու մեղադրանքներով կտտանքների ենթարկվող մեր հայրենակիցների արդար դատաքննության և հնարավորինս արագ ազատ արձակման ուղղությամբ Դուք և Մայր Աթոռի ներկայացուցիչները լուրջ գործունեություն են ծավալել։ Միջազգային Ձեր մեծ հեղինակությունը, քույր եկեղեցիների և իսլամադավան պետությունների, հոգևոր առաջնորդների հետ ունեցած կապերը թույլ կտան լուրջ առաջընթաց արձանագրել ազգաշահ այս խնդրի հանգուցալուծման բարդ ճանապարհին։ Մեր համեստ ուժերը Ձեզ ի սպաս»։

Նամակը ստորագրել են Արմինե Օհանյանը, Աննա Իսրայելյանը, Նարինե Դիլբարյանը, Ժասմինա Ղևոնդյանը, Աննա Մայիլյանը, Արփեն Մովսիսյանը, Զոյա Ջուլհակյանը, Արաքս Սարգսյանը, Լուսիկ Մուրադյանը, Հռիփսիմե Հովակիմյանը, Կարինե Շահինյանը, Ստելլա Մեհրաբյանը, Արզիկ Մխիթարյանը, Աննա Այվազյանը, Հասմիկ Միքայելյանը, Իրա Թամրազյանը, Կարինե Հարությունյանը, Լիլյա Ավանեսյանը, Ռայա Նազարյանը, Մարթա Հախնազարյանը, Քրիստինա Սիմոնյանը, Սիրանուշ Մարտիրոսյանը, Սուսաննա Միքայեյանը, Սուսաննա Չիպկինյանը և Սիրվարդ Մարգարյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---