Թանդիլյանը՝ հացադուլի և արձագանքների մասին․ ՀՀ իշխանությունից ակնկալիք չունեմ

Թանդիլյանը՝ հացադուլի և արձագանքների մասին․ ՀՀ իշխանությունից ակնկալիք չունեմ

PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի առողջական վիճակը, որն արդեն 11 օր հացադուլ է անում՝ իր բողոքն արտահայտելով Բաքվում ապօրինի դատվող հայերի հարցով, կրկին վատթարացել է։

Ազատության հրապարակ կանչված շտապօգնության ծառայության մասնագետները ստուգել են նրա սրտի վիճակը և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։ Սակայն ստուգումից հետո, չնայած հոսպիտալացման ցուցումին, Թանդիլյանը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է Sputnik Արմենիան։

Մարտի 1-ին Թանդիլյանը հայտարարել է հացադուլ սկսելու մասին՝ ի աջակցություն Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի, ինչպես նաև կոչ անելով Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ Մարտի 5-ի առավոտյան Թանդիլյանը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էր Ազատության հրապարակ՝ շարունակելով իր հացադուլը։

Թանդիլյանը ուղերձ է հղել Ռուբեն Վարդանյանին, որի շինծու գործով Բաքվի դատարանում հերթական կեղծ դատավարությունն է ընթանում՝ նշելով, որ ցանկանում է, որպեսզի վերջինս ողջ մնա և վերադառնա հայրենիք, հայտնում է Panorama.am-ը։

«Մենք չենք կարող այդպիսի ճոխություն մեզ թույլ տալ, որպես հայ ազգ կորցնել նման հայորդի։ Իմ խնդրանքը դա է։ Այն, որ նա բարոյապես, հոգեպես յուրաքանչյուրիցս ուժեղ է, ամուր, բոլորը համոզվեցին։ Բայց կուզեմ, որ իր այդ ուժը չվնասի իր առողջությանը»,–ասել է նա։

Հարցին, թե արդյոք ակցիաներն ու հացադուլը միջազգային հանրության արձագանքը ապահովեցին, սակայն Հայաստանի իշխանություններին չհետաքրքրեցին, Մանե Թանդիլյանը պատասխանել է, որ ակնկալիք չունի Հայաստանի իշխանություններից։

«Ակնկալիք չունեմ Հայաստանի իշխանություններից, ո՞վ է խոսում Հայաստանի իշխանությունների մասին, ո՞վ է լուրջ ընդունում Հայաստանի իշխանություններին։

Գնում են, փարթիներ են անում, երբ որ իրենց հայորդիները Բաքվի բանտում գերեվարության մեջ են։ Ամոթ չունեն։ Նրանք դարձրել են այդ վարքագիծը նորմա, վարակում են մեր ժողովրդին... Դե եթե իշխանավորներին կարելի է, հասարակ ժողովրդին ինչո՞ւ չի կարելի։ Այդ անտարբերությունը սերմանում են ժողովրդի մեջ, առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ժողովրդի, որ այնքան ցավ տեսավ, որ փորձում է ինչ-որ կերպ մեղմել այդ ցավը։ Պաշտպանական ռեակցիայով փորձում է քիչ ինֆորմացիա ստանալ, պահպանել իր հոգեկան առողջությունը։ Սրանք ասում են՝ դե ոչինչ, դա շատ լավ է, հանգիստ գնացեք, ման եկեք, ուրախացեք, ի՞նչ է եղել որ։ Ոչինչ չի եղել, ուղղակի ձեր արժանապատվության վրա թքում են բարձր սարից։ Այ դա է պատահել»,–ասել է նա։

Մանե Թանդիլյանի կարծիքով՝ Ռուբեն Վարդանյանի հացադուլն ու Հայաստանում ընթացող ակցիաները որոշակի արդյունք են տվել․ ինչպես հայ հասարակության, այնպես էլ միջազգային կառույցների կողմից արդեն իսկ որոշակի արձագանքներ կան։

«Ճնշման ազդեցության տակ սկսում են տեղի ունենալ գործողություններ։ Հայ ժողովրդի ոտքի կանգնելը, թեկուզ ֆեյսբուքյան տիրույթում, ցույցների, ակցիաների միջոցով, հետևողական արձագանքը, ստիպում է հասկանալ, որ հայ ժողովուրդը չի ներելու այս շինծու դատավարությունը, հայորդիներին ապօրինաբար պահվելը, սկսվում են գործողությունները։

Իհարկե, Ռուբեն Վարդանյանի հացադուլը մեծ ազդակ էր միջազգային հանրությանը սթափվելու, հասկանալու, թե ինչ է կատարվում։ Ցավում եմ, որ նման ծայրահեղ քայլի պետք է դիմի մարդ, որպեսզի միջազգային կառույցները սկսեն արձագանքել։ Այսինքն ինչ՝ մարդու կյանքի գնո՞վ ենք փորձում աշխատել»,-ասել է նա։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։

«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։

 Ուշագրավ
---