ԱՄՆ–ում անօրինական միգրանտների «ինքնաարտաքսման» հավելված է գործարկվել

ԱՄՆ–ում  անօրինական միգրանտների «ինքնաարտաքսման» հավելված է գործարկվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գործարկել է նոր հավելված, որը նախատեսված է անօրինական միգրանտների համար՝ նրանց հնարավորություն տալով «ինքնաարտաքսվել»՝ խուսափելով ձերբակալումից և կալանավորումից։

ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ առանց փաստաթղթերի միգրանտները, որոնք կօգտվեն նոր հնարավորությունից, ապագայում կարող են փորձել օրինական ճանապարհով վերադառնալ երկիր, հայտնում է »Ամերիկայի ձայնը»։

CBP Home հավելվածը, որը մշակվել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության (CBP) կողմից, թույլ է տալիս օգտատերերին հայտարարելու իրենց երկրի սահմաններից դուրս գալու մտադրության մասին։

ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հավելել է․ «CBP Home հավելվածը անօրինական ներգաղթյալներին հնարավորություն է տալիս հեռանալ հենց հիմա՝ ինքնաարտաքսման միջոցով, որպեսզի նրանք կարողանան օրինական ճանապարհով վերադառնալ ապագայում և հասնել ամերիկյան երազանքին։ Եթե նրանք դա չանեն, մենք կգտնենք նրանց, կարտաքսենք, և նրանք երբեք չեն վերադառնա»։

Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է արտաքսել ռեկորդային թվով անօրինական միգրանտների։ Սակայն նրա երկրորդ ժամկետի առաջին շաբաթներին արտաքսման մակարդակը դեռևս չի գերազանցել 2024 թվականի ֆինանսական տարվա միջին ցուցանիշը, երբ պաշտոնը զբաղեցնում էր Ջո Բայդենը։

Բացի նոր հավելվածից, Թրամփի վարչակազմը ձեռնարկել է նաև այլ միջոցներ՝ միգրանտներին երկրից դուրս մղելու համար։ Մասնավորապես, ապրիլի 11-ից ուժի մեջ կմտնի նոր կանոն, ըստ որի՝ օրինական կարգավիճակ չունեցող անձինք պետք է գրանցվեն դաշնային մարմիններում, հակառակ դեպքում նրանց սպառնում են տուգանքներ կամ ազատազրկում։

CBP Home-ը փոխարինում է Բայդենի օրոք գործարկված CBP One հավելվածին, որը թույլ էր տալիս Մեքսիկայի մոտ 1 միլիոն միգրանտներին սահմանային անցակետերում հարցազրույց նշանակել՝ ԱՄՆ օրինական մուտք գործելու համար։

Հանրապետականները կոշտ քննադատության էին ենթարկել Բայդենի ծրագիրը՝ պնդելով, որ այն խթանում է զանգվածային միգրացիան և պատշաճ կերպով չի վերահսկում միգրանտների ստուգման գործընթացը։

Թրամփի վարչակազմը պաշտոնավարման առաջին իսկ ժամերին դադարեցրել է CBP One-ի գործունեությունը, իսկ միգրանտների համար նախատեսված բոլոր հարցազրույցները չեղարկվել են։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---