Փաստաբան․ Տարոն Մարգարյանի դեմ քրհետապնդումը զուտ քաղաքական գործընթաց է

Փաստաբան․ Տարոն Մարգարյանի դեմ քրհետապնդումը զուտ քաղաքական գործընթաց է

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի փաստաբան Բենիկ Գալստյանը հայտարարել է, որ Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կրում է զուտ քաղաքական բնույթ և իրավաբանության հետ որևէ հատման գծեր չունի։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Խոսքը վերաբերում է դեռևս 2018 թվականի օգոստոսին հարուցված քրեական գործին։

«Խոսքը վերաբերում է դեռևս 2018 թվականի օգոստոսին հարուցված քրեական գործին, որը մեզ հայտնի գրեթե բոլոր քննչական մարմիններում քննվել է երեքուկես տարի՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերը։ Այդ ընթացքում Տարոն Մարգարյանին առաջադրվել էր մեղադրանք՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որի հետևանքով, ըստ մեղադրանքի, առաջացել են ծանր հետևանքներ։

Նշված գործը 2022 թվականին ուղարկվել է դատարան, որտեղ մինչ օրս քննվում է։ Հարկ է ընդգծել, որ Մարգարյանը երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը։

2025 թվականի մարտին, սակայն, նախաքննական մարմինը և դատախազությունը եկել են այն եզրակացության, որ նույն փաստական հանգամանքներով ու նույն իրողությունների շրջանակում Մարգարյանին կարելի է մեղադրել նաև փողերի լվացման մեջ»,–ասվում է գրառման մեջ։

Այս մասով փաստաբանը շեշտում է, որ գործով առկա ապացույցները նույնն են, ինչ 2021 թվականին, և մինչև 2025 թվականի մարտ ամիսը որևէ նոր ապացույց չի ձեռք բերվել։

Գալստյանը հիշեցրել է, որ Սահմանադրությամբ և քրեական օրենսգրքով ամրագրված է, որ նույն արարքի համար անձը չի կարող կրկնակի քրեական պատասխանատվության ենթարկվել։

Նա նաև հարց է բարձրացնում, թե ինչու նախաքննական մարմինը, յոթ տարի քննելով այս գործը, երեքուկես տարի ոչինչ չի ձեռնարկել, եթե 2021-ի դեկտեմբերի դրությամբ նույն ապացույցներով կարող էր Մարգարյանին մեղադրել առանձնապես ծանր հանցանք համարվող փողերի լվացման համար։ Նույն հարցը, ըստ փաստաբանի, կարելի է ուղղել նաև դատախազությանը, որը հսկում է գործի օրինականությունը։

Ըստ Գալստյանի, պատճառը պարզ է․ դատարանում քննվող գործով վաղեմության ժամկետներն անցել են, և այժմ անհրաժեշտ է հանրությանը զբաղեցնել նոր քրեական գործով։

«Ամեն դեպքում կրկին անգամ հարկ եմ համարում նշել, որ պարոն Մարգարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրում է զուտ քաղաքական բնույթ և իրավաբանության հետ որևէ հատման գծեր չունի։ Պարոն Մարգարյանին վերագրվող «հանցավոր արարքների» անհեթեթությանն առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկայում»,- գրել է փաստաբանը։

ՀՀ գլխավոր դատախազի կողմից Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Ազգային ժողով, որը բավարարվել է։

 Ուշագրավ
---