Սաքունց եղբայրները ռեկորդ են սահմանել՝ ուղղաթիռ քաշելով ատամներով և ճկույթով

Սաքունց եղբայրները ռեկորդ են սահմանել՝ ուղղաթիռ քաշելով ատամներով և ճկույթով

PanARMENIAN.Net - Յուրի և Արթուր Սաքունցները նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանել՝ մեկը՝ ուղղաթիռը ձեռքի ճկույթով քաշելով, մյուսը՝ ատամներով։

«Նախկինում ավելի ծանր բաներ եմ քաշել՝ 60 տոննա կշռող վագոն, 40 տոննա կշռող տանկ, բայց այս դեպքում լրիվ ուրիշ ֆիզիկական ուժի գործադրում է պետք, քանի որ ուղղաթիռի հավասարակշռությունը լրիվ ուրիշ է»,-ասել է Յուրի Սաքունցը, որը ձեռքի մեկ ճկույթով քաշել է ուղղաթիռը և սահմանել նոր ռեկորդ, հայտնում է Sputnik Արմենիան։

Յուրին հայտնել է նաև, որ իր ռեկորդային կարիերայի ավարտը նախատեսում է 80 տոննա կշռող ինքնաթիռ քաշելուց հետո։ Սակայն դեռևս դժվարանում է նշել, թե երբ դա կկայանա, քանի որ պահանջվում են երկարատև մարզումներ և նախապատրաստական փուլ։

«Սա անմարդկային ուժի գործադրում է։ Պատկերացրեք՝ ես 65 կգ եմ, բայց քաշում եմ 60,000 կգ կշռող առարկա, դա շատ դժվար է, դրա համար և՛ ֆիզիկական պատրաստվածություն է պետք, և՛ կամք, անսահման ջանք և հավատ»,- ընդգծել է նա։

Յուրին զբաղվում է բռնցքամարտով, ըմբշամարտով, ուժային եռամարտով, մասնակցում է տեղական և միջազգային մրցումների, հանդիսանում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։

Նրա եղբայրը՝ Արթուր Սաքունցը, սահմանել է ևս մեկ համաշխարհային ռեկորդ՝ ուղղաթիռը քաշելով ատամներով։

Արթուրն իր առաջին ռեկորդը գրանցել է 16 տարեկանում՝ երկու մատով քաշելով երեք ավտոմեքենա։ Այժմ, լինելով 22 տարեկան, նա արդեն հասցրել է դառնալ Գինեսի հնգակի, աշխարհի քառակի, Հայաստանի քսանակի ռեկորդակիր, ինչպես նաև միջազգային սպորտի վարպետ։

Նա նշել է, որ երբեմն ստանում է վնասվածքներ, սակայն դրանք երբեք չեն խանգարում իր առաջընթացին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---