ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ԿԵՂԾԻՔ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՇՏԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՉՈՐՍ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զանգվածային լրատվության միջոցները, վկայակոչելով Եվրոպայի Միության դիվանագիտական աղբյուրները, հաղորդում են, որ, իբր, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի վերջերս Սթրասբուրգ կատարած այցի ընթացքում, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական ուժերի կողմից դաշտային Ղարաբաղի հարավային մասի չորս շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին: Հաղորդվում է, որ դրա փոխարեն պաշտոնական Երեւանը ակնկալում է հասնել Նախիջեւանի վրայով երկաթուղային երթեւեկության ապաշրջափակմանը: Նշենք, որ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի պատվիրակության անդամների հետ հունիսի երեքին կայացած հանդիպման ընթացքում, Հեյդար Ալիեւը հայտարարել է, որ երկաթուղային երթեւեկությունը Նախիջեւանի տարածքով կարող է բացվել միայն այն դեպքում, եթե հայկական ուժերը փոխանցեն Ադրբեջանին, ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող, չորս շրջանները: Խոսքը հենց այն շրջանների մասին է, որոնց տարածքով անցնում է Հայաստանը եւ Ադրբեջանը կապող երկաթուղային մայրուղին: Ինչպես հայտնի է, պաշտոնական Բաքուն շատ ավելի է շահագրգռված այդ ճանապարհի գործարկման մեջ, քան Երեւանը, քանի որ դա միակ ցամաքային հաղորդակցման միջոցն է երկրի կազմի մեջ մտնող Նախիջեւանի ինքնավարության հետ: Այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է ներկայացնել պայմաններ, որոնց անհեթեթությունը կասկած չի թողնում, թե դրանք երբեւիցե կարող են ընդունվել Հայաստանի կողմից: Հիշեցնենք, որ վերջերս մեկնաբանելով անվտանգության գոտու տարածքի մի մասի հանձնման հնարավորությունը, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նշել է, որ «նման խոսակցությունները անհեթեթ են եւ ծիծաղաշարժ»: «Նույնիսկ բանասեր լինելով` ես չեմ կարող խոսքեր գտնել, բնութագրելու համար նրանց գործողությունների անբարոյականության աստիճանը, ովքեր նման լուրեր են տարածում»,- հայտարարել է նախարարը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---