Թանդիլյանը՝ ՄԱԿ–ին․ Ալևս նայելու ժամանակ չկա, գործեք

Թանդիլյանը՝ ՄԱԿ–ին․ Ալևս նայելու ժամանակ չկա, գործեք

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվել հաջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների։ Ակցիայի ընթացքում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը շեշտել է, որ միջազգային կառույցները սահմանափակվում են միայն հայտարարություններով, սակայն որևէ գործուն քայլ չեն ձեռնարկում։

«Նրանք անում են հայտարարություններ, թե տեղյակ են, գիտեն, որ Հայաստանում ճիշտ են, որ իրենք վերահսկում են, նայում են։ Ես ասում եմ այլևս նայելու ժամանակ չկա։ Այո, ասում են, որ միջազգային կառույցներն արագ չեն գործում, հիմա հարցնում ենք այդ արագն ինչքա՞ն է, 2020 թվականից այս կողմ 4 տարին արագության ո՞ր չափման միավորի մեջ է տեղավորվում։ Մենք գործողություն չեն տեսնում»,– ասել է Թանդիլյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ Բաքվի բանտերում ընթացող դատավարությունները փակ և գաղտնի են, իսկ դատապարտված անձինք պարզապես պայքարել են ինքնորոշման իրավունքի համար։

«Այս դատավարությունները փակ են, գաղտնի, ումի՞ց են գաղտնի։ Ինչ պետական գաղտնիք կա այս դատավարությունների մեջ։ Ինչպես է համարձակվում Ադրբեջանը համարել սա իր ներքին գործը, եթե այնտեղ դատվում են ՀՀ քաղաքացիներ։ Այդ երբ դարձանք մենք` ՀՀ քաղաքացիներս, Ադրբեջանի ներքին գործը։ Մեր գերիներն ընդամենը մի բան են ուզում այդ միջազգային կառույցներից, ովքեր լուռ հետևում են, որ մասնակցեն այդ դատավարություններին, որ դրանք չլինեն փակ, որ լինի մի կողմ, որն աշխարհին կպատմի, թե ինչ է կատարվում այնտեղ»,– նշել է նա։

Թանդիլյանը նաև ընդգծել է, որ եթե Ադրբեջանը վստահ է իր դատավարության արդարության վրա, ապա ինչու է թույլ տալիս միայն փակ նիստեր։

«Ադրբեջանը համարձակվում է թույլ չտալ ՄԱԿ–ին` այսինքն աշխարհին, անել այն, ինչ իր մանդատի մեջ է... դե պատկերացրեք ինչ է կատարվելու խաղաղության պայմանագրի հետ»,– ասել է նա։

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի իշխանությունները անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատման համար։

«Մենք ստիպված ենք հնարավոր բոլոր դռները թակել, տարբեր ատյաններում բարձրացնել հայ գերիների հարցը։ Մենք տեսնում ենք, որ դա որոշակի արդյունք տալիս է միջազգային հանրության շրջանում։ Ինչ–որ շարժ տեղի է ունենում, տարբեր մայրաքաղաքներում նախաձեռնություններ են լինում»,– ասել է Սողոմոնյանը։

Նա կարևորել է Եվրոպական խորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, որտեղ ընդգծվում է, որ ռազմագերիները պահվում են որպես պատանդներ, իսկ պատանդառությունը միջազգային իրավունքի համաձայն հանցագործություն է։

Թանդիլյանը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին ակտիվ գործողություններ ձեռնարկել և միջազգային կազմակերպություններից պահանջել կոնկրետ քայլեր։ Նա նշել է, որ ՄԱԿ-ը պետք է պահանջի Բաքվի դատարաններում իր ներկայացուցիչների ներկայությունը և ընդունի միայն գրավոր մերժում Ադրբեջանի կողմից։ Բացի այդ, պետք է գործնական քայլեր իրականացվեն, ներառյալ պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի նկատմամբ, հատկապես՝ նավթի և գազի ոլորտում։

Քաղաքական գործիչը շեշտել է, որ գերիների հարցը չպետք է կապվի կուսակցական շահերի հետ և պետք է պահանջներ ներկայացվեն ոչ միայն միջազգային կառույցներին, այլև ՀՀ կառավարությանը, որը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները։

«Նրանք կսկսեն գործել, երբ վախենան իշխանությունը կորցնելուց։ Մենք նրանց անհանգստացնելու ենք և թույլ չենք տա, որ մեր եղբայրները մնան Բաքվի բանտում։ Իշխանությունները, ինչ գնով էլ լինի, պետք է նրանց վերադարձնեն հայրենիք»,– ընդգծել է նա։

Վերջում Թանդիլյանը կոչ է արել սփյուռքին բողոքի ակցիաներ անցկացնել Ադրբեջանի դեսպանատների դիմաց։

Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարությունը։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով, չնայած որ նա խնդրել է այն միավորել ընդհանուր գործի հետ։

 Ուշագրավ
---