Ռումինիան և Նիդերլանդները ողջունել են ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի տեքստի համաձայնեցումը

Ռումինիան և Նիդերլանդները ողջունել են ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի տեքստի համաձայնեցումը

PanARMENIAN.Net - Ռումինիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Ռումինիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, հայտնում է Արմենպրեսը։

«Ռումինիան ջերմորեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Շնորհավորում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին իրենց անխոնջ ջանքերի և խիզախության համար։ Տևական խաղաղությունն առանցքային նշանակություն ունի կայունության, բարգավաճման և տարածաշրջանի հսկայական ներուժը բացելու տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ։

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ևս շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

https://x.com/ministerBZ/status/1900480498633265279

«Շատ հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին այս կարևոր քայլի կապակցությամբ։ Դեռ կան խնդիրներ, սակայն պայմանագրի ստորագրումը հասանելի է։ Դա կարևոր է երկարատև խաղաղության, տարածաշրջանային կայունության և բարգավաճման համար։ Նիդերլանդները վճռականորեն աջակցում է այս գործընթացին»,- գրել է Վելդկամպը։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։

Շատ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը և հույս հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---