Նախարար․ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ կամ քննարկում ՀՀ կառավարությունում չկա

Նախարար․ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ կամ քննարկում ՀՀ կառավարությունում չկա

PanARMENIAN.Net - ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ կամ քննարկում ՀՀ կառավարությունում չկա։ Այդ մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Խամոյանը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ անդամակցության հեռանկարով, հայտնում է Sputnik Արմենիան։

«Պատրա՞ստ ենք մեծ շուկա, կայացած կառույց ԵԱՏՄ-ն փոխարինել Եվրամիության անդամակցության երազանքի հետ, կա՞ն հաշվարկներ՝ ինչ կարող ենք արտահանել այդ շուկա, մենք այդքան տնտեսական պոտենցիալ ունենք, թե չունենք»,– հարցրել է պատգամավորը։

Պապոյանը պարզաբանել է, որ քննարկվող նախագիծը ԵՄ-ին անդամակցելու մասին փաստաթուղթ չէ, այլ տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերից մեկը։

«Մեր օրակարգն է՝ տնտեսությունը որքան հնարավոր է՝ դիվերսիֆիկացնել։ Դա չի ենթադրում ընդդեմ ԵԱՏՄ-ի ինչ-որ բաներ։ Եթե, օրինակ, մենք որևէ ապրանք ներմուծում ենք ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից, բայց ԵԱՏՄ երկրներից էլ կարող ենք ներմուծել, դա նշանակում է, որ մեր առջև խնդիր է դրված այդ ապրանքը, եթե հնարավոր է, ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծել։ Եթե մենք որևէ ապրանք արտահանում ենք միայն ԵԱՏՄ երկիր, ապա մեր ամբողջ նախարարության առջև խնդիր է դրված այլ երկրների շուկա էլ գտնել»,– նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ այս մոտեցումը չի նշանակում որևէ շուկայի դեմ աշխատել, այլ ուղղված է Հայաստանի տնտեսական դիրքերի ամրապնդմանը։ Պապոյանը հավելել է, որ նպատակ ունեն խուսափել որևէ շուկայից կախվածություն ունենալուց՝ զարգացնելով համագործակցությունը ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Մերձավոր Արևելքի, Ասիայի խոշոր շուկաների, Կանադայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ։ «Մեր օրակարգն է՝ որքան հնարավոր է շատ ու սերտ տնտեսական փոխհարաբերություններ ունենալ պոտենցիալ բոլոր շուկաների հետ»,– ասել է նա։

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Պապոյանը հայտնել է, որ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը։

Ինչ վերաբերում է եվրոպական շուկային, նախարարը նշել է, որ Հայաստանը որոշ դժվարությունների է բախվում, մասնավորապես՝ մսամթերքի արտահանման հարցում, սակայն ձկնամթերքի դեպքում արդեն հաջողություն է գրանցվել։

Խամոյանի հարցին՝ «ԵՄ շուկայից օգտվելու համար պարտադի՞ր չէ ԵՄ անդամակցության անիրատեսական գործընթաց սկսել», Պապոյանը պատասխանել է, որ առաջնայինը բարձրորակ և մրցունակ արտադրանք ունենալն է։

«ԵՄ շուկայից ամենաշատ օգտվող շուկաներն են ԱՄՆ-ն ու Չինաստանը, որոնք ԵՄ անդամ չեն»,– ընդգծել է նա։

Փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---