ԵՄ երկրները կոչ են անում կանխել «Ազատության» փակումը

ԵՄ երկրները կոչ են անում կանխել «Ազատության» փակումը

PanARMENIAN.Net - Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում քննարկում են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փակումը կանխելու հնարավոր տարբերակները։ Չեխիան, որն արդեն երեք տասնամյակ հյուրընկալում է այս լրատվամիջոցը, հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի ֆինանսավորումը փոխարինելու եվրոպականով, հայտնում է «Ազատությունը»։

ԱՄՆ Պետքարտուղարությունը ստեղծված իրավիճակը բնորոշել է որպես «հեղհեղուկ»՝ ընդգծելով, որ այն դեռևս վերջնական լուծում չի ստացել։ Պետդեպարտամենտի խոսնակ Թամի Բրյուսը ճեպազրույցի ընթացքում չի պարզաբանել, թե ինչպես է պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերաբերվում այս իրադարձություններին։

«Սա հեղհեղուկ իրավիճակ է, և ես անհամբերությամբ սպասում եմ դրա հանգուցալուծմանը։ Պետք է հասկանալ, որ սա լուրջ խնդիր է, որը վերաբերում է հարկատուների գումարները ծախսելուն։ Ստիպված եմ կրկնել՝ իրադրությունը հեղհեղուկ է, և մենք ավելի շատ տեղեկատվություն կունենանք, երբ այն կգտնի իր լուծումը»,- նշել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Բրյուսելում նշել է, որ ԵՄ-ն դեռևս քննարկումների փուլում է։

«Մենք կդիտարկենք, թե ինչ է կարելի անել։ Տարբերակներից մեկը Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամին տրամադրվող միջոցների բազմապատկումն է։ [Չեխիայի] ԱԳ նախարար Լիպավսկին նույնիսկ առաջարկում էր գնել այդ լրատվամիջոցները։ Մենք այժմ քննարկումների փուլում ենք, սակայն որևէ կասկած չկա, որ սրանք արժեքավոր կառույցներ են, որոնց առաքելությունը պետք է շարունակվի»,-ասել է նա։

Չեխիայի նախաձեռնությանը միանալու մասին հայտարարել է նաև Շվեդիան։

Շվեդիայի եվրոպական հարցերի նախարար Ջեսիկա Ռոզենկրանցը նշել է․ «Մենք այսօր մեր աջակցությունը կհայտնենք չեխական նախաձեռնությանը։ Շվեդիան դրա համահեղինակներից մեկն է։ Մենք պետք է այնպես անենք, որ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը շարունակի ազատության և ժողովրդավարության ձայն հանդիսանալ՝ հատկապես այն երկրներում, որտեղ դա անհրաժեշտ է»։

Պաշտոնական Բրյուսելը ևս հանդես է գալիս այս լրատվամիջոցների շարունակականությունը ապահովելու դիրքերից։ Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն իր Х-ի օգտահաշվում ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է միջոցներ գտնի «լրատվամիջոցների երկարաժամկետ ֆինանսավորումն ապահովելու համար»։

Այս պահի դրությամբ ԵՄ անդամ 27 պետություններից 10-ը՝ Չեխիան, Լեհաստանը, Գերմանիան, Ավստրիան, Բելգիան, Սլովենիան, Նիդերլանդները, Շվեդիան և Բալթյան երեք երկրները, պաշտոնապես աջակցում են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին օժանդակություն տրամադրելու գաղափարին։

Միջազգային լրագրողական կազմակերպությունները ևս քննադատում են ռադիոկայանի գործունեության դադարեցման հնարավորությունը։

Մամուլի միջազգային ինստիտուտը նշել է, որ «այս քայլին գնալը կամրապնդի բռնապետների դիրքերը և միլիոնավոր մարդկանց կզրկի հավաստի, այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հնարավորությունից»։

Գլոբալ մեդիայի գործակալության լուծարման որոշումը քննադատել են անգամ Դոնալդ Թրամփի որոշ աջակիցներ։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախկին նախագահ Թեդ Լիպիենը The Hill կայքում հրապարակած հոդվածում ընդգծել է․

«Կասկած չկա, որ վերջին տարիներին այս գերատեսչությունները մեծապես տուժել են սխալ կառավարման հետևանքով։ Բայց դրանց հեռարձակման դադարեցումը չէ այս գործակալություններում տիրող իրավիճակի բարելավման ուղին։ Հակառակը՝ դա նվազեցնում է այն օգուտը, որ քաղում էր Միացյալ Նահանգները այս կառույցների գործունեության արդյունքում։ Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամները պետք է ճնշում գործադրեն Սպիտակ տան վրա, որպեսզի այս հեռարձակողներն օր առաջ վերսկսեն իրենց աշխատանքը։ Դրա հետ մեկտեղ, հարկավոր է աջակցել գործող վարչակազմի այն ջանքերին, որոնց նպատակն անգործունակ և ուռճացված բյուրոկրատական ապարատի վերափոխումն է լինելու»։

Սակայն, Սպիտակ տան կողմից Գլոբալ մեդիայի գործակալության հատուկ խորհրդական նշանակված Քերի Լեյքը հայտարարել է, որ իրենք նահանջելու մտադրություն չունեն՝ անկախ քննադատություններից։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոն դատի է տվել Քարի Լեյքին և Թրամփի վարչակազմին՝ բողոքարկելով կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, հայտնում է The Hill-ը։

ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որի նպատակն է վերացնել ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM), որը ֆինանսավորում է ռադիոկայանն ու «Ամերիկայի Ձայնը» (VOA): Դաշնային դատարանում՝ Վաշինգտոնում ներկայացված հայցի համաձայն, ռադիոկայանի ֆինանսավորումը անմիջապես սառեցվել է, և ներկայացված 7.4 միլիոն դոլարի հաշիվը չի վճարվել։ Կազմակերպությունն ընդգծում է, որ այդ քայլը հակասում է Կոնգրեսի՝ պետական ծախսերի վերահսկման սահմանադրական լիազորություններին։

Դատական հայցը նաև նախազգուշացնում է, որ եթե ֆինանսավորումը չվերականգնվի, ապա շուտով կազմակերպությունը ստիպված կլինի կրճատել աշխատակիցներին։

«Ազատ Եվրոպա/Ազատություն»-ը հրապարակումներ է անում 27 լեզվով՝ 23 երկրում, և շաբաթական ավելի քան 47 միլիոն լսարան ունի։

Թրամփն ընտրել է Լեյքին՝ նախկին հեռուստահաղորդավար, ով հետագայում եղել է Արիզոնայի նահանգապետի և սենատորի թեկնածու, որպեսզի ղեկավարի «Ամերիկայի Ձայնը»՝ USAGM-ի լուծարման ծրագրի շրջանակում։ Լեյքը պաշտոնն արդեն զբաղեցնում է՝ հանդես գալով որպես գործակալության ավագ խորհրդական։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---