Բանկային համակարգում կիբերհանցագործությունների զոհերը Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում![]() 19 մարտի 2025 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի էին դուրս եկել այն քաղաքացիները, որոնք հայտնվել են բանկային համակարգում տեղի ունեցող կիբերհանցագործությունների ու խարդախությունների թիրախում։ Նրանք պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպի իրենց հետ և ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։ Տուժածները նշել են, որ բանկային ոլորտում իրականացվող կիբերհանցագործությունների հետևանքով մեծ վնասներ են կրել, սակայն ֆինանսական կառույցները, փոխանակ աջակցելու, նրանց վրա դնում են անարդարացի պարտավորություններ, հայտնում է Aravot.am-ը։ Ըստ նրանց՝ որոշ դեպքերում բանկերը բռնագանձման գործընթացներ են նախաձեռնում, մինչդեռ քննչական մարմինները չեն ցուցաբերում պատշաճ վերաբերմունք՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու հարցում։ Տուժածները կոչ են անում կառավարությանը մշակել հստակ մեխանիզմներ՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարելու և քաղաքացիների ֆինանսական անվտանգությունն ապահովելու համար։ Իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը ընդգծել է, որ խարդախությունների արդյունքում քաղաքացիները կրել են զգալի նյութական վնասներ, սակայն իրավապահ համակարգը պատշաճ կերպով չի արձագանքում իրավիճակին։ «Կիբերհանցագործություններից տուժած անձանց պատասխանում են՝ մենք չենք կարողանում այդ գումարները վերադարձնել։ Մինչդեռ, ես կասկածում եմ, որովհետեւ այդ գումարները շատ հաճախ փոխանցվել են հենց նույն բանկի հաշվեհամարներին, իսկ եթե իրենք չեն կարողանում վերադարձնել, հետևաբար, պատասխանատվությունը պետք է իրենք կրեն, այլ ոչ թե քաղաքացիները։ Մեր քաղաքացիները տուժել են 1 մլն դրամից բարձր, մինչև 20 մլն դրամի միջակայքում մենք ունենք ահազանգեր ու դիմում-բողոքներ։ Խոսքը գնում է 100 հազար դոլարների մասին, եւ, այո, բանկը կարող է շահագրգռվածություն ունենալ։ Այն սողանցքները, որոնք կան բանկերում, գուցեև բաց են թողնված հենց այդ պատճառով։ Մենք ունենք բանկեր, որոնց պատշաճ կերպով պաշտպանված են, եթե 10-15 բանկ կարող է պատշաճ պաշտպանություն ունենալ, ապա այդ 3-4 բանկերն ինչո՞ւ չեն կարողանում այդ սողանցքները փակել»,- նշել է Կարագյոզյանը։ Տուժած քաղաքացիներից Ալամյա Մելքոնյանը պատմել է․ «Գովազդ էր, որ թեստն անցնելու դեպքում գումարի շահում է լինելու։ Բանկի օնլայն հավելվածով փորձել եմ մասնակցել այդ խաղարկությանը, բայց թեստը չանցա, դա զեղծարարություն էր և դարձա խարդախության զոհ։ Եվ անձնական գումարի հափշտակում է եղել, և իմ անունով անօրինական վարկ է ձևակերպվել»։ Ցույցի մասնակից Ջեմմա Հովհաննիսյանն էլ նշել է, որ իր հարսն է տուժել։ «Ֆեյսբուքում լինք է բացվել, հարսս տեղադրել է իր տվյալները, պարզվել է՝ կիբերհանցագործություն է տեղի ունեցել։ Բանկում ասել են՝ վարկ է ձևակերպվել ձեր անունով, կարող եք դիմել ոստիկանություն։ Մենք անմիջապես դիմել ենք ոստիկանություն, հետո դիմել ենք կիբերհանցագործության բաժին, հետո դիմել ենք ֆինանսական համակարգի հաշտարարին, և ոչ մի արդյունք։ Ֆինանսական հաշտարարը մեզ ուղղորդում է, ասում է՝ կարող եք գնալ տվյալ անձի տուն, խնդրել, որ ինքը գումարը մուծի, որովհետեւ իր հաշվեհամարն ու անուն-ազգանունը կա։ Էդ ո՞ր մի հանցագործը կբերի այդ փողը հետ կտա։ Քննչականն էլ է տեղյակ այդ մասին, բոլորն էլ տեղյակ են, ինքը 21 տարեկան տղա է, քննիչները նրան հարցաքննել են ու ազատ են արձակել։ Ընդհանուր գումարը 1 մլն 348 հազար դրամ է, բանկն ասում է՝ մենք տոկոսը կիջեցնենք որպես բարի կամքի դրսևորում, 60 ամսում բերեք մուծեք։ Բայց ինչի՞ համար մուծենք, եթե մենք չենք վերցրել այդ գումարը»,- ասել է Ջեմմա Հովհաննիսյանը։ Մհեր Կարագյոզյանը հայտարարել է, որ կառավարություն նամակ են ուղարկել և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ խնդրի համակարգային լուծման համար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |