Զոհված զինվորների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի

Զոհված զինվորների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի

PanARMENIAN.Net - Մուրացան 110/1 հասցեում գտնվող շենքը, որտեղ ապրում են հիմնականում զոհված զինծառայողների ընտանիքներ, աճուրդի է դրվել:

Զոհվածների մայրերն ու այրիները խնդրի շուրջ հավաքվել են «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գրասենյակում՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, հայտնում է Aysor.am-ը։

Բնակիչներն ընդգրկված են դատական գործընթացում, սակայն, նրանց պնդմամբ, պետգույքի կառավարման կոմիտեն փորձում է ճնշում գործադրել իրենց վրա՝ շենքը հոսանքազրկելով:

«Ասում են՝ ինչու ես բերել, ստեղ ապրո՞ւմ են, որ հոսանքի խնդիր էլ բարձրացնում ես»,- նշել է Մարգարիտա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ շենքը հանվել է ՊՆ-ի հաշվեկշռից և փոխանցվել Պետգույքի կոմիտեին, որը որոշել է այն աճուրդի հանել:

«Անձամբ համակարգող խորհուրդը ինքնակամ չի եկել և չի բնակեցրել այս տարածքը։ Մեզ հասցեն տրամադրել է ՊՆ-ն, և ինձ երբ որ հատկացրել է այս տարածքը՝ 78 ՀԿ-ների հետ, նաև հրաման է արձակել, որ վարչության պետերը պետք է աջակցեին համակարգող խորհուրդին՝ զորքերում տարբեր ծրագրեր իրականացնելուն, նաև մշակութային, սոցիալական։ Այս ՀԿ-ները մեզ հետ զորամասից զորամաս են գնացել, դիրքից դիրք»,- նշել է նա:

Խաչատրյանը հավելել է, որ ներկայում իր ղեկավարած ՀԿ-ն այլևս չունի իր գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ հրամանը:

«Եկել են, ասում են՝ տիկին Մարգարիտա, քեզ վտարում ենք շենքից, ոստիկանություն է գալիս, վտարման հրաման ենք ստացել պետգույքի նախարարությունից, այնտեղից էլ ասեցին, որ հրաման են կատարում»,- ընդգծել է նա:

«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահը նշել է, որ ստիպված են եղել դիմել դատարան:

«Բայց դեռ որոշում չկա դատարանից, արդեն հոսանքազրկել են շենքը, գալիս են, ասում՝ շենքից դուրս եկեք, կամ եկեք դուք գնեք, 400 մլն հավաքեք, թող իրենք էլ ապրեն, եթե բան է։ ՀԿ-ն ինչ եկամուտ ունի, որ 400 մլն տա։ Հիմնական խավը զոհվածի ընտանքիներ են, լավ վիճակից չի, որ եկել են»,- ասել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---