Գարեգին Բ–ն շքանշան է ստացել Ռուսիո պատրիարքից և խոսել հայ գերիների մասին

Գարեգին Բ–ն շքանշան է ստացել Ռուսիո պատրիարքից և խոսել հայ գերիների մասին

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պարգևատրվել է «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանով, որը նրան շնորհել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Մարտի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շքանշանը հանձնվել է Գարեգին Երկրորդին։ Այս առիթով Մայր Աթոռ է այցելել Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը՝ գլխավորությամբ Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիի։

Շքանշանը շնորհվել է Հայոց Հայրապետի գահակալության 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ «ի գնահատություն երկու եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի»։

Արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հասարակական ու մշակութային գործիչներ։

Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հանդիսության ընթացքում հրապարակել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի շնորհավորական ուղերձը։

«Արդի համաշխարհային մարտահրավերներին հանդիման մեր եկեղեցիներին շաղկապում են քրիստոնեական համերաշխությունը, փոխադարձ զորակցությունն ու գործակցությունը ավետարանական անանց գաղափարների պաշտպանության գործում։ Բարձրորեն գնահատում ենք Ձեր մշտական բարի վերաբերմունքը Ռուս ուղղափառ Եկեղեցու և ռուսական հոգևոր ավանդության նկատմամբ»,- ասվում է Կիրիլ Ա–ի ուղերձում։

Գարեգին Երկրորդը, իր հերթին, ընդգծել է, որ խորապես գնահատում է Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ուշադրությունն ու ջերմ վերաբերմունքը, որը վկայում է երկու եկեղեցիների դարավոր համագործակցության, ամուր կապերի, ինչպես նաև ՌԴ պետական, հասարակական և մշակութային կյանքում հայ համայնքի ունեցած դերի մասին։

Նա նաև նշել է, որ այդ հարաբերությունների հիմքում դրված են հավատակից երկու ժողովուրդների պատմական կապերը և դարերի ընթացքում ձևավորված եղբայրական փոխհարաբերությունները, որոնք անհրաժեշտ է շարունակաբար ամրապնդել երկու եկեղեցիների համատեղ ջանքերով։

«Վստահ ենք, որ Ռուս եկեղեցին և ՌԴ իշխանությունները կշարունակեն կարելի միջոցները գործադրել Արցախի հայկական հոգևոր ժառանգության պահպանության, արցախահայության հարազատ բնօրրան վերադարձի և Բաքվում գերության մեջ գտնվող, այս օրերին շինծու դատավարության և անարդարության ենթարկվող Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց ազատ արձակման ուղղությամբ»,- նշել Ամենայն հայոց կաթողիկոսը։

Հանդիսությունը եզրափակվել է «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի կատարմամբ, որից հետո Գարեգին Երկրորդը արտասանել է «Պահպանիչ» աղոթքը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---