Լևոն Քոչարյան․ Պայմանագիրն ու համաձայնագիրն ունեն կարևոր տարբերություններ

Լևոն Քոչարյան․ Պայմանագիրն ու համաձայնագիրն ունեն կարևոր տարբերություններ

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նշել է, որ պայմանագիրն ու համաձայնագիրն ունեն կարևոր տարբերություններ։ Նա այդ մասին գրել է Տելեգրամի իր էջում։

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, այնինչ մինչ այս խոսք էր գնում պայմանագրի մասին»։

Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից․

Պայմանագիրն իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, որը ստեղծում է կոնկրետ պարտավորություններ կողմերի համար: Կողմերից մեկի կողմից պարտականությունները չկատարելն առաջացնում է իրավական հետևանքներ:

Համաձայնագիրը փաստաթուղթ է, որը արտահայտում է կողմերի միջև ընդհանուր համաձայնությունը, սակայն չունի նույն իրավական ուժը և այն խախտելը նույն հետևանքները չի առաջացնում:

P.S. ՔՊ, թե՞ ՔՀ (քաղաքացիական համաձայնագիր)»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Համաձայնագրի մասին է ասվում նաև ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---