ՔԿ–ից ասել են` Ուլուբաբյանին ծեծած ոստիկանները դեռ հայտնի չեն![]() 20 մարտի 2025 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19–ի երեկոյան Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել են քաղաքացիներ, իրավապաշտպաններ ու պատգամավորներ՝ ի պաշտպանություն 2025թ. մարտի 15-ին ոստիկանության Վանաձորի բաժնում մոտ մեկ տասնյակ ոստիկանների կողմից ենթադրյալ ծեծի ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի: Վերջինս նույնպես Քննչական կոմիտեի դիմաց էր: Ակցիայի մասնակիցները փորձեցին նույնիսկ ճանապարհ փակել: Տիգրանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ հանդիպում են ունեցել Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Խոսակցությունից պարզ է դարձել, որ դեռ չեն պարզել, թե ովքեր են Տիգրանին ծեծող ոստիկանները: ՔԿ-ից առաջարկել են Տիգրանին լրացուցիչ հարցաքննել, սակայն առաջարկը մերժվել է՝ նշելով, որ փոխարենը Տիգրանը կարող է հերթով ցույց տալ իրեն ծեծող ոստիկաններին, հայտնում է «Հետքը»։ Տիգրան Ուլուբաբյանը նշել է, որ եթե ոստիկաններին պատասխանատվության չենթարկեն, ապա Վանաձորում արդեն վախի մեջ է ապրելու: Մտավախութուն ունի, որ այս դեպքից հետո դարձյալ կարող է իրեն հրավիրեն ոստիկանության բաժին, ծեծեն: Նա նշել է, որ կյանքում ոստիկանության հետ չի առնչվել, որպես օրինապահ քաղաքացի հանգիստ ապրել է: «Ես առաջին անգամ եմ այդպես ծեծ կերել: Ասում էին՝ խոսա, պրիզնատ արի, որ դու ես արել, գործը փակենք գնա»,- նշում է Տ. Ուլուբաբյանը, և հավելում, որ մարտի 18–ին քննիչի հետ գնացել է դատաբժշկի մոտ, այնուհետև հարցաքննվել է։ Օրեր առաջ Ուլուբաբյանի բարեկամի բնակարանում ավազակային հարձակում է տեղի ունեցել, և դրանից հետո նրան մարտի 14-ին ու 15-ին կանչել են ոստիկանություն՝ ենթադրելով, որ կապ ունի միջադեպի հետ։ Վերջին այցի ընթացքում, ըստ Տիգրանի, նա ենթարկվել է բռնության։ Տիգրան Ուլուբաբյանը «Հետքի» հետ զրույցում մանրամասնել է, որ մարտի 14-ի գիշերը նրան բերման են ենթարկել ոստիկանություն, իսկ հաջորդ օրը՝ մարտի 15-ին, նորից կանչել են՝ պատճառաբանելով, թե ընդամենը «երկու րոպե պետք է խոսեն»։ Սակայն այդ «երկու րոպեն» տևել է մինչև ուշ գիշեր։ Նրա պատմածի համաձայն, բաժնում ոստիկանները հայտարարել են, որ պատրաստվում են «մշակել» իրեն, որպեսզի խոստովանի բարեկամի բնակարանում ավազակային հարձակման հետ առնչություն ունենալու հանգամանքը։ Իսկ «մշակել» նշանակում է՝ ծեծել։ «Ոստիկաններն ինձ 8 հոգով ծեծել են, 10 րոպեն մեկ մոտենում, ծեծում էին։ Որ դուրս եկա բաժնից, ինձ վատ էի զգում, գնացել եմ հիվանդանոց, գլուխս նկարել եմ, ասել են՝ սալջարդ է։ Հիմա դեղեր եմ քսում, որ ցավերս մի քիչ մեղմանան»,- ասում է Տիգրան Ուլուբաբյանը և հավելում, որ ավելի շատ վիրավորված է, որ իրեն փորձել են նվաստացնել հայհոյանքներով։ Տիգրան Ուլուբաբյանն Արցախից տեղահանված է 2023թ․-ին։ Նրա եղբայրը զոհվել է 2017թ․-ին՝ Արցախում ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետևանքով։ Նրա ծնողներն էլ մահացել են, և նրանք հուղարկավորված են Արցախում։ Տիգրանն այժմ Վանաձորում միայնակ է ապրում վարձով։ Նա նաև մասնակցել է պատերազմի։ Բողոքի ակցիային միացել էին նաև այլ քաղաքացիներ, ովքեր նույնպես պնդում են, որ տուժել են ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցների գործողություններից։ Վանաձորցի Սվետլանա Մովսիսյանը լրագրողներին պատմել է, որ հունվարի 7-ին ոստիկանները ներխուժել են հարևանի տուն, որտեղ գտնվել է իր որդին՝ Անդրանիկ Առաքելյանը, և դաժան ծեծի ենթարկել նրան իր իսկ աչքի առաջ։ Նրա խոսքով՝ որդու ձեռքերը և ոտքերը կապել են, ձեռնաշղթաներ հագցրել, ապա ոտքերով հարվածներ հասցրել գլխին ու մարմնի տարբեր հատվածներին։ Սվետլանա Մովսիսյանը նշել է, որ իրեն ևս գետնին են գցել ու քարշ տվել, որպեսզի չկարողանա տեսնել կատարվածը, սակայն նա հիշում է մի քանի ոստիկանների դեմքեր։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նույնպես ներկա է եղել ակցիային։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է անցյալ։ Պատգամավորը, վկայակոչելով նմանատիպ մի շարք այլ դեպքեր, ընդգծել է, որ խոշտանգումները կրում են համակարգային բնույթ, իսկ իշխանությունները խրախուսում են դրանք, ինչն, ըստ նրա, դարձել է գործող համակարգի բնութագիրը։ Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ Աբրահամյանը նշել է, որ վերջին շրջանում ՄԻՊ-ի հայտարարությունները «խիստ ձևական բնույթ են կրում» և նա ակնհայտորեն սպասարկում է իշխանությունների շահերը։ Ըստ նրա՝ ՄԻՊ-ի առավելագույն միջամտությունը տեղի է ունենում միայն այն դեպքերում, որոնք հանրային լայն արձագանք չեն առաջացնում։ Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը նշել է, որ մինչ այս պահը պաշտոնական տվյալներ չկան այն մասին, թե ովքեր են ներգրավված բռնության մեջ։ Սակայն իրենց կարողացել են պարզել երկու անձի ինքնությունը՝ Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանը և ծեծին ակտիվ մասնակցած Գոռ Խարաթյանը։ Փաստաբանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ անհրաժեշտ է փորձաքննության ենթարկել ոստիկաններին՝ պարզելու՝ արդյոք նրանց ձեռքերն ու ոտքերը վնասվածք ունեն, ինչը կարող է հաստատել կամ հերքել բռնության փաստը։ Նրա խոսքով՝ մի քանի օրից այդ հետքերը կարող են վերանալ, ինչը կդժվարացնի հետաքննությունը։ Մինչ այժմ, սակայն, փորձաքննություն նշանակվել է միայն Տիգրան Ուլուբաբյանի համար, և արդյունքները դեռ հայտնի չեն։ Փաստաբանը նաև համեմատություն է անցկացրել Ուլուբաբյանի նկատմամբ բռնության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու դեպքի միջև՝ նշելով, որ խնձոր նետած քաղաքացու ընտանիքի անդամները մի քանի ժամվա ընթացքում բերման են ենթարկվել, մինչդեռ այս դեպքում հետաքննությունը դանդաղում է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |