Արթուր Նահապետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Արթուր Նահապետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

PanARMENIAN.Net - Արթուր Նահապետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով։ Կառավարության նիստում հաստատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված թեկնածությունը։

Նահապետյանը հաղթահարել էր անհրաժեշտ շեմը որպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու։

Փաշինյանը նշել է, որ մրցութային հանձնաժողովը կառավարության քննարկմանն է ներկայացրել երեք թեկնածու։

«Ես բոլոր թեկնածուների հետ 2 փուլով ունեցել եմ հանդիպում, և ունեցել եմ քննարկումներ, որոնց արդյունքում որոշում եմ կայացրել Արթուր Նահապետյանի թեկնածությունը ներկայացնել կառավարության հաստատմանը»,- ասել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ իր գնահատականը համընկել է հանձնաժողովի կարծիքի հետ։

«Պարոն Նահապետյանը թե բարեվարքության միավորով, թե ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել։ Կարծում եմ՝ սա էլ կարևոր փաստ է արձանագրելու համար»,–ասել է նա։

Նահապետյանը վստահեցրել է, որ կանի առավելագույնը՝ ապահովելու համար, որ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ լինի։

Հակակոռուպցին կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր 2024–ի նոյեմբերից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, հրաժարականի դիմում էր գրել նաև կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի ընտրության համար երկու անգամ մրցույթ է հայտարարվել, երկրորդի արդյունքում շեմը հաղթահարել էր 3 թեկնածու։

 Ուշագրավ
---