Ալեն Սիմոնյանը՝ Ստրասբուրգում․ Գերիները ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի![]() 21 մարտի 2025 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում ընթացող «Ժողովրդավարության պաշտպանություն» խորագրով խորհրդարանների նախագահների համաժողովում ունեցած ելույթում շեշտել է ժողովրդավարական արժեքների կարևորությունը, անդրադարձել է Բաքվում պահվող հայերի գերիների վիճակին և խոսել Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության մասին։ Նա ասել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատև կալանքի, անմարդկային վերաբերմունքի և շինծու դատավարությունների՝ հավելելով, որ գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է: «Բացի այդ, ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով՝ Հայաստանի՝ իբրև ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին: Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարևորությունը, ինչպիսիք են ԵՄ քաղաքացիական առաքելությունը և սպառազինության վերահսկման մեխանիզմները: Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կա՛մ արդեն ներառված է համաձայնագրում, կա՛մ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով»,–ասել է նա։ Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը: Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան: «Ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, այլև որպես ժողովրդավարության ուժին խորապես հավատացող մեկը: Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ՝ փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է: Քաոսը թաքնված է երկդիմի հռետորաբանության մշուշում: Փաստը կեղծիք է, դաշնակիցը՝ թշնամի, զոհը՝ ագրեսոր, ճշմարտությունը՝ խաբկանք, անմեղը՝ մեղավոր: Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի: Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է: Ժողովրդավարությունը վտանգված է: Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ: Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի՝ պաշտպանելու ազատությունը: Արարելու հաստատակամությունը պետք է հակազդի կործանման մոլուցքին: Միայն միասնական և անզիջում ջանքերի շնորհիվ կարող է ծաղկել ժողովրդավարության փխրուն ծաղիկը: Հայաստանը, իր հերթին, շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարացման ուղուն: 2018 թվականի թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր մեր պատմության մեջ: Այն Հայաստանին ուղղեց դեպի թափանցիկ ընտրությունների, անկախ ինստիտուտների և կոռուպցիայից զերծ կառավարության ճանապարհը: Մեր նպատակը հստակ է՝ կառուցել բաց և հաշվետու համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն հզոր և ապահով կզգա: Այս նպատակին հասնելու համար մենք նախաձեռնել ենք հավակնոտ բարեփոխումներ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար կարևոր գործիք է՝ ամրապնդելու հասարակության վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ և համապատասխանեցնելու դրանք եվրոպական չափանիշներին: Դատական անկախությունը, մամուլի ազատությունը և կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում են մնալ մեր օրակարգի առանցքում: Այս համատեքստում մենք առանձնահատուկ կարևորում ենք Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականները՝ կայուն ժողովրդավարության հաստատման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի վերաբերյալ»,–ասել է Սիմոնյանը։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |