ՀՀԿ–ն ողջունել է Շվեյցարիայի խորհրդարանի որոշումը և հայտարարել, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ

ՀՀԿ–ն ողջունել է Շվեյցարիայի խորհրդարանի որոշումը և հայտարարել, որ ԼՂ  հակամարտությունը լուծված չէ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը ողջունել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից արցախահայերի վերադարձին վերաբերող նախագծի ընդունումը և հավելել է, որ հակառակ ՀՀ և Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարությունների՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է ցեղասպանական գործողության՝ էթնիկ զտման:

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

  • Ողջունելով Շվեյցարիայի Դաշնային Ժողովի վերին պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձին վերաբերող նախագծի ընդունումը,
  • Շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին հայ ժողովրդի հանդեպ մշտապես ցուցաբերվող ուշադրության եւ համերաշխության համար,
  • Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի նկատմամբ բոլոր միջազգային դերակատարների և գործիչների ջանքերը,
  • Շահագրգռված լինելով Հարավային Կովկասում իրական, արդար և կայուն խաղաղություն հաստատելու հարցում,
  • Հիմք ընդունելով շվեյցարական խորհրդարանի կողմից վերը նշված փաստաթուղթը,

Արձանագրում Է՝

  • Հակառակ Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ,
  • Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է ցեղասպանական գործողության՝ էթնիկ զտման,
  • Մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը խնդրի լուծմանն ուղղված լրացուցիչ ձևաչափերը կարող են իրենց նպաստը բերել կարգավորման հարցում,
  • Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերը առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում,
  • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որևէ կերպ չի արծարծվում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում, ինչը օրվա կառավարիչների միակողմանի զիջողականության հերթական դրսևորումն է։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հետապնդելով բացառապես հայ ժողովրդի ազգային և պետական շահերը, շարունակելու է ԼՂ հիմնախնդրի և արցախահայության անվտանգ և երաշխավորված վերադարձի հարցերը ներկայացնել և պաշտպանել իրեն հասանելի միջազգային ձևաչափերում»։

Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդն ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամ ունեցող պալատում 29 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ։ Նիստին ներկա արտաքին գործերի նախարար Իգնազիո Կասիսը և մի շարք պատգամավորներ փորձել են կանխել բանաձևի ընդունումը՝ պնդելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Կասիսը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն, ուստի նման նախաձեռնության կարիք չկա։

Սակայն բանաձևի կողմնակիցները հակադարձել են, նշելով, որ Շվեյցարիան ապացուցել է իր չեզոք միջնորդ լինելու արդյունավետությունը։ Նրանք ընդգծել են, որ երկխոսության ապահովումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև կարող է նպաստել բռնի տեղահանվածների անվտանգ ու կազմակերպված վերադարձին։

 Ուշագրավ
---