Աբրահամյան․ Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի

Աբրահամյան․ Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին՝ նշելով, որ իշխանություններն այդ գործընթացը վերածել են կենաց-մահու պայքարի: ։

«Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի` առաջին պլան բերելով ոչ միայն ՔՊ հնամաշ ու վաղուց ոչ պիտանի դեմքերին, այլ նման դեպքերի համար նախատեսված «տշված» վարձկաններին»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Նրա կարծիքով՝ իշխանական թիմը նպատակ ունի վարկաբեկող և կեղծ բովանդակությամբ տեղեկատվությամբ հեղեղել լրատվական դաշտը, որպեսզի թաքցնի այն փաստը, որ իրենց թեկնածուն չունի իր ինքնուրույն դեմքը, բազմակուսակցական անցյալ ունի և հանդես է գալիս բացառապես Նիկոլ Փաշինյանի պատվերով։

«Սրանց բոլորի նպատակն է` վարկաբեկիչ ու կեղծ տեղեկություններով տեղեկատվական դաշտը հագեցնելը, որով փորձում են քողարկել իրենց «բազմակուսակցական» անցյալի տեր, դեմք չունեցող և բացառապես Փաշինյանին ծառայություն առաջարկող թեկնածուին:

«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին, որովհետև ով ներկայանում է Փաշինյանի կամ քպ-ի անունից, առաջին հերթին կիսում է օրվա իշխանության ուրացման, հանձնողական, դավաճանական քաղաքականությունը»,- գրել է Աբրահամյանը:

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ քաղաքում կարծես 37 թիվը լինի, վախի մթնոլորտ է, տոտալ վերահսկողություն։ Նա նշել է, որ մարդկանց, որոնք աշխատանքով օրվա հացն են վաստակում, վախեցնում են։

Գյումրիի ավագանու ընտրություններն անցկացվելու են մարտի 30–ին։

 Ուշագրավ
---