Մարուքյանը՝ ՊՆ-ին․ Գիշերը Սոթքի հատվածում ադրբեջանական կողմը մեզ վրա կրակե՞լ է, թե ոչ

Մարուքյանը՝ ՊՆ-ին․ Գիշերը Սոթքի հատվածում ադրբեջանական կողմը մեզ վրա կրակե՞լ է, թե ոչ

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հարց է ուղղել պաշտպանության նախարարությանը, թե արդյոք ադրբեջանական կողմը գիշերը Սոթքի ուղղությամբ կրակ է բացել հայկական դիրքերի վրա։

«Այս գիշեր Սոթքի հատվածում ադրբեջանական կողմը մեզ վրա կրակե՞լ է, թե՞ ոչ։ Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմն այս գիշեր ինտենսիվ կրակել է Սոթքի ուղղությամբ։

Իսկ ՀՀ ՊՆ–ն հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին։

Շատ լավ, էլի հետևենք պաշտոնական տեղեկատվությանը։ Բայց դուք ուղղակի պարտավոր եք պատասխանել ընդամենը մեկ պարզ հարցի. այս գիշեր Սոթքի հատվածում ադրբեջանական կողմը մեզ վրա կրակե՞լ է, թե՞ ոչ»․–գրել է նա։

Մարուքյանը հավելել է, որ պետք չէ մանիպուլացնել «հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով» ձևակերպմամբ։

«Ի՞նչ ենք ակնարկում։ Կրակել են, բայց ոչ ինտենսի՞վ։ Հրադադարը խախտել են, բայց ոչ էականորե՞ն։

Եթե մտավախություն ունեք, որ այս հարցերին անկեղծ պատասխանելու դեպքում կփլուզվի «խաղաղության» մասին առասպելը, և մեր հայրենակիցները վերջապես կտեսնեն «միջազգային ողջույնների» իրական քաշն ու ազդեցությունը՝ այդպես էլ ասեք»,–գրել է Մարուքյանը։

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։

 Ուշագրավ
---