Խանումյան․ Չեմ կարծում, թե համաձայնեցված խաղաղության փաստաթուղթը կստորագրվի

Խանումյան․ Չեմ կարծում, թե համաձայնեցված խաղաղության փաստաթուղթը կստորագրվի

PanARMENIAN.Net - Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, թեև համաձայնեցվել է, բայց չի կարծում, որ կստորագրվի։

«Խաղաղության համաձայնագիրը, թեև համաձայնեցվել է, բայց չեմ կարծում, որ կստորգրվի։ Տեսնում ենք, որ ամեն օր Ադրբեջանը սրում է թեման, պահանջներ ավելացնում և չեմ կարծում, որ սա տրամաբանական ավարտ է ունենալու։ Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ պետք է թուղթը վերցնել և Ադրբեջանի հետևից վազել, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրվի։ Իրական խաղաղության համար այլ պայմաններ ու միջավայր են պետք»,–ասել էնա, հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ այն երկրները, որոնք հրաժարվում են իրենց իրավունքներից, չեն դիտարկվում որպես արժանահավատ գործընկերներ միջազգային հանրության կողմից։

«Նույնիսկ այն խոսակցությունները, որ ՀՀ-ն հրաժարվում է Ադրբեջանի դեմ իր հայցերից, դա բերում է ՀՀ-ի նկատմամբ որպես պետություն անվստահություն»,-ասաց նա։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում, «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է, որ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցումն ու ստորագրումը տարբեր բաներ են, ինչպես և տարբեր են՝ ստորագրված համաձայնագիրն ու խաղաղությունը։

«Խաղաղության համաձայնագրի դրույթներին համաձայնելն ու այն ստորագրելը տարբեր բաներ են, ես հիշում եմ երևի չորս անգամ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը «համաձայնել» են փաստաթղթերի շուրջ, դա եղել է 1999-ին, 2001-ին, եղել է 2006-ին, եղավ և հիմա, սակայն դրանից որևէ մեկը չի ստորագրվել» ,- ասել է Իսկանադարյանը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նման գործընթացները դիտարկում է ոչ թե որպես նպատակ՝ խաղաղության հասնելու համար, այլ որպես խաղաքարտ կամ մարտավարություն։

«Այստեղ կա երկրորդ հանգամանքը՝ ստորագրել համաձայնագիրն ու խաղաղությունը տարբեր բաներ են, միայն համաձայնագիր ստորագրելով դու չես կարող հաստատել նորմալ հարաբերություններ տարածաշրջանում, դա երկար պրոցես է»,-ասել է նա։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
---