«Միասին» շարժումն առաջարկում է արցախցիների սոցպաշտպանության հիմնադրամ ստեղծել

«Միասին» շարժումն առաջարկում է արցախցիների սոցպաշտպանության հիմնադրամ ստեղծել

PanARMENIAN.Net - «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը արցախցիների սոցիալական պաշտպանության ծրագիր է առաջարկում։ Մարտի 21–ին Երևանի Ազատության հրապարակում շարժման հրավիրած հանրահավաքում այն ներկայացրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկել են ստեղծել սոցիալական պաշտպանության հիմնադրամ, որը կծառայի որպես կենտրոնացված միջոցների կառավարման հարթակ՝ ուղղված Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցությանը։ Մուտք գործող բոլոր միջոցները, ըստ նախագծի, պետք է ուղղվեն երկու հիմնական ուղղությամբ՝ պարենային և բնակարանային ապահովություն, հայտնում է Sputnik Արմենիան։

Բագրատյանն իր ելույթում առաջարկել է նաև, որ ԼՂ նախկին պետական հիմնարկների աշխատակիցներին վճարվի իրենց 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ստացած աշխատավարձի 50 տոկոսը։ Բացի այդ, նրանք պետք է ստանան ընտանեկան նպաստներ և հնարավորություն ունենան օգտվելու անտոկոս հիփոթեքային վարկերից՝ սեփական տուն ձեռք բերելու նպատակով։

Նախագիծը ներառում է նաև այն դրույթը, որ բոլոր նախկին արցախցի թոշակառուները շարունակեն ստանալ թոշակներ, իսկ յուրաքանչյուր տեղահանված քաղաքացի ստանա ամսական 55,000 դրամ սննդի կարիքների համար։ Այն ընտանիքները, որոնք ցանկանում են իրենց համար նոր բնակարան կառուցել, ըստ առաջարկի, պետք է ստանան երկարաժամկետ անտոկոս վարկեր՝ այդ նպատակով։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվել է 115,365 քաղաքացի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---