Միրզոյանն ու Լամմին անդրադարձել են խաղաղության համաձայնագրին և համագործակցությանը

Միրզոյանն ու Լամմին անդրադարձել են խաղաղության համաձայնագրին և համագործակցությանը

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մեծ Բրիտանիայի արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները։

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի շուրջ ծավալվող աշխատանքները՝ ընդգծելով ՀՀ կողմից համաձայնեցված տեքստով ստորագրման առաջարկի կարևորությունը։ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լամմիին՝ Մեծ Բրիտանիայի կողմից խաղաղ գործընթացին տրված աջակցությունն ու հստակ դիրքորոշումը փաստելու համար։

ՀՀ ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարածվող՝ ՀՀ-ի կողմից զինադադարի խախտման վերաբերյալ կեղծ մեղադրանքներին՝ մատնանշելով, որ հայկական կողմը ներկայացրել է համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկ, որին Բաքվից մինչ այժմ արձագանք չի ստացվել։ Նա նշել է, որ նման նախաձեռնությունները, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ներկայացված առաջարկները, կարող են նպաստել փոխվստահության ձևավորմանն ու տարածաշրջանային կայունության ապահովմանը։

Զրույցի ընթացքում Միրզոյանն ու Լամմին քննարկել են նաև միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում COP17 համաժողովի անցկացման նախապատրաստական գործընթացը և կարևորել այս ուղղությամբ ՄԹ հետ սերտ համագործակցությունը։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
---