Փաշինյան․ ԵԱՀԿ ՄԽ-ը լուծարելն օրակարգային հարց է` ինքներս կնախաձեռնենք դրա քննարկումը

Փաշինյան․ ԵԱՀԿ ՄԽ-ը լուծարելն օրակարգային հարց է` ինքներս կնախաձեռնենք դրա քննարկումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հնարավորությանը՝ նշելով, որ կան քննարկելի և չքննարկելի հարցեր, և ՄԽ հարցը հենց քննարկելի հարցերից է։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը քննարկելի և օրակարգային հարց է, և մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը։

Մենք ասել ենք, որ կան հարցեր, որոնք քննարկելի են, և կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Հիմա, օրինակ՝ ո՞ր հարցերն են, որ քննարկելի են. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է, ինչո՞ւ է քննարկելի, որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Ընդ որում՝ այստեղ էլ մենք պետք է որոշակի ճկունություն ցուցաբերենք, որպեսզի նպատակը չխառնենք միջոցի հետ», – նշել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Լրագրողը հարցրել է՝ արդեն համաձա՞յն եք մինչև ստորագրելը լուծարել։

«Ես նորից եմ ասում, մեր նպատակը ժամկետը չէ, մեր նպատակը բովանդակությունն է, այսինքն՝ բովանդակությունը երբ կհասցեագրվի, մենք պատրաստ ենք, կամ բովանդակության հասցեագրման ի՞նչ մեխանիզմ կգործի, եթե այդ մեխանիզմը հուսալի և վստահելի կթվա, իհարկե՝ մենք պատրաստ ենք նաև գնալ որոշակի լուծումների»։

Անդրադառնալով տարածաշրջանում հնարավոր նոր սրացմանը՝ նա նշել է, որ նման վտանգ այս պահին առկա չէ։

«Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը», – ընդգծել է նա։

Անդրադառնալով Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությանը, Փաշինյանն ասել է․ «Երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն, և այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կա՛մ նեղություն չտալ, կա՛մ ավելի պակաս նեղություն տալ»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ եթե համաձայնագրի արդյունքում Հայաստանը ստանա վստահելի և կայուն անվտանգության մեխանիզմ, ապա անհրաժեշտ չի լինի արտաքին դիտորդների ներկայությունն այնպես, ինչպես մինչ այդ էր։

«Այսինքն՝ մեր նպատակն այն է, որ մեր սահմանի երկայնքով ունենանք խաղաղություն և կայունություն», – եզրափակել է վարչապետը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

 Ուշագրավ
---